«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, և սա զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը, շարունակում է շահարկել թեման», X-ի միկրոբլոգում գրառում է արել Հայաստանի արտգործնախարարությունը, անդրադառնալով Բաքվին ականապատ տարածքների ութ նոր տեղեկամատյաններ տրամադրելու Երեւանի որոշման հանդեպ Բաքվի արձագանքին: Այդ արձագանքի անհարգալից բնույթին անդրադարձել եմ:
Դա իսկապես ստեղծում է տարօրինակ պատկեր՝ Երեւանը անում է միակողմանի քայլ, իսկ Բաքուն ոչ միայն չի խոսում պատասխան որեւէ ժեստի մասին, այլ անում հայտարարություն, որի իմաստը այն էր, որ Երեւանը պարտավոր էր անել այդ քայլը: Շատերը համարում են, որ դա կարող է լինել Բաքվի նախընտրական պահվածք: Բացառել իհարկե պետք չէ, բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք Ալիեւն ունի այդօրինակ բոլոր հարցերում դրսեւորումների նախընտրական կարիք: Միթե՞ մինչ այժմ գոյություն ունեցող իրավիճակը նրա համար հավարար չէ կերտել «հաղթողական» կերպար եւ այն «իրացնել» նախընտրական շրջանում:
Համենայն դեպս, Ադրբեջանի վարքագիծը նախընտրական «կարիքների» վերագրելը կարող է լինել ինքնախաբեություն, մոլորություն, թույլ տալով Բաքվին այդ կարճատեւ շրջափուլը օգտագործել իր դիրքորոշումների կոշտացումը այսպես ասած «լեգիտիմացնելու» համար: Ըստ այդմ, չպետք է թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը «լեգիտիմացնի» իիր դիրքորոշումների կոշտացումը անգամ կարճատեւ ժամանակահատվածով, որովհետեւ՝ դրանից հետո անգամ «վերադառնալու» պարագայում մեծ հավանականությամբ այդ վերադարձը ամենեւին չի լինելու մինչեւ «ելման դիրք»: Առավել եւս, որ այդ «ելման դիրքն» ըստ էության երբեք չի եղել հավասարակաշռված համաձայնությունների եւ պայմանավորվածությունների գործուն շահառություն:








































