Բաքուն հակադարձել է Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնակատար Բորելի հայտարարությանը եւ ձեւակերպել, որ նա «ոչ միայն խեղաթյուրած է ներկայացնում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների մասին» Իլհամ Ալիեւի «պատկերացումները, այլեւ ռազմականացված եւ ագրեսիվ քաղաքականություն է նախաձեռնում Ադրբեջանի նկատմամբ»: «Պատմական» Ի՞նչ պատկերացում ունի Ալիեւը՝ հայտնի է: Նա գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման համար պետք է հիմք ընդունվի ԱԴՀ կամ, նվազագույնը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարվա քարտեզը:
ԱԴՀ «սահմանների» հիշատակումը դիվանագիտական ծածկաքող է: Ալիեւը քաջ գիտի, որ Թոփչիբաշեւի «քարտեզը» Փարիզի խաղաղության խորհրդաժողովում հիգիենիկ պարագայի արժեք իսկ չի ունեցել: Այլ է Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարվա, այսինքն՝ 1920թ. վերջի իրավիճակը, երբ Նախիջեւանը, Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրն օկուպացված էին բոլշեւիկյան Ռուսաստանի, Գյումրին՝ քեմալականների կողմից: Հարավային Կովկասի իրավա-քաղաքական ստատուս –քվոն հաստատվել է Մոսկվայի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով:
Եւ այստեղ է, որ լավագույն ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել, որ Ալիեւն իր խոսույթը կառուցում է ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակի վրա: Այսօր անգամ արեւմտյան փորձագետները, վերլուծաբաններն են ընդունում, որ Ուկրաինայում Պուտինը չի պարտվում եւ, ամենայն հավանականությամբ, չի պարտվի: Ուկրաինային Ադրբեջանի աջակցությունը, եթե դա անգամ ռազմական մատակարարում է, Ռուսաստանին սկզբունքորեն չի անհանգստացնում: Ականազերծող մեկ կամ մի տասնյակ տեխնիկան ոչինչ չի փոխում:
Մոսկվային պետք է պարտնյոր ունենալ մի սկզբունքային հարցում՝ պոստխորհրդային սահմանները լեգիտիմ չեն, այստեղ Ալիեւը Պուտինի մերձավորագույն դաշնակիցն է: Եւ ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանը բաց ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ,,պետական սահման չկա, նոր պետք է հաստատվի,,: Եվրամիությունը, կարծես, հայ-ադրբեջանական շփման գիծը ճանաչում է «միջազգային սահման»: Բայց, նախ դա միանշանակորեն չի ձեւակերպվում, երկրորդ՝ սահմանը թղթի վրա ճանաչելը երաշխիք չէ, այն պետք է սպասարկվի անվտանգային-ուժային բաղադրիչով, որ ԵՄ-ն չունի: Դիտորդական առաքելությունը քաղաքական աջակցություն է միայն:
Անգամ ադրբեջանցի փորձագետներն են ուղղակի կապ տեսնում սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմի եւ դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման միջեւ: Թուրքական մամուլը շուրջ մեկ տարի առաջ է գրել, որ Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունների դարաշարջանն անցյալ է, Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է նոր՝ «աշխարհաքաղաքական նշանակության պայմանագիր կնքեն»: Փետրվարի 12-ին Անկարայում «անհամբեր սպասում են» Վլադիմիր Պուտինին:
Մինչ այդ, եթե դարձյալ արտակարգ իրավիճակ չստեղծվի, Թուրքիա կայցելի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Այն նախատեսված է հունվարի 24-ին: Ռայիսիի եւ Պուտինի Թուրքիա այցի միջակայքում կստորագրվի՞ ռուս-իրանական նոր պայմանագիր: Թեհրանը հայտարարել է, որ այն պարտադիր պետք է ներառնի Իրանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ հարգելու դրույթ: Ինչի՞ մասին է ակնարկը: Ռուսաստանը պետք է պարտավորվի, որ Իրանի հյուսիսային սահմանները մնում են՝ ինչպես կա՞ն: Իսկ եթե Թուրքիան դեմ է կամ պատրաստ է «գայթակղիչ» առաջարկ անե՞լ: Ո՞վ պետք է այս՝ Հայաստանի համար էքզիստենցիալ կարեւորության, հարցում Մոսկվայի «տրամադրությունը» շոշափի: Ժոզեպ Բորե՞լը:







































