Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում կազմակերպվել է համայնքի 2024 թվականի բյուջեի ընդունմանը նվիրված հանրային լսում։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, անհատ քաղաքացիներ։
Մարտունի համայնքի բյուջեն ներկայացրել է Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Թաթուլ Դավթյանը։
Ըստ բանախոսի՝ Մարտունի համայնքի վարչական բյուջեն 2024 թվականին կազմելու է 4 միլիարդ 144 միլիոն դրամ, որից ֆոնդային բյուջեն հաստատվելու է 1 միլիարդ 200 միլիոն դրամի չափով։ Համայնքի սեփական եկամուտները կկազմեն 9915 միլիոն 772 հազար դրամ, պետության կողմից տրվող դոտացիան՝ 3 միլիարդ 223 միլիոն դրամ։ 2023 թվականի համեմատ 2024 թվականին, կապված դոտացիաների տրամադրման նոր կարգի ընդունման հետ, Մարտունուն հատկացվելիք դոտացիան ավելացել է 553 միլիոն դրամով։
2023 թվականի տնտեսական տարին Մարտունու համայնքապետարանը փակել է սեփական եկամուտների հավաքագրման 107 տոկոս արդյունքով։
«Այս տարի եւս բյուջեի միջոցները կուղղվեն սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը եւ տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորմանը»,-ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Խոսրով Խլղաթյան





































