Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություն է ունենալու ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Ջայշանկարը հայտարարել է, որ ԵՏՄ-ն եւ Հնդկաստանը 2024-ի հունվարից կսկսեն բանակցություն ազատ առեւտրի ընդլայնված համաձայնագրի շուրջ: Դեկտեմբերի 25-ին ԵՏՄՄ-ն այդպիսի համաձայնագիր կնքեց Իրանի հետ: Ի դեպ ուշագրավ է, որ Հնդկաստանի նախարարի Մոսկվա այցից առաջ՝ դեկտեմբերի 2-ի երեկոյան Լավրովի հետ հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախխարար Աբդոլահիանը: ԵՏՄ-Հնդկաստան գործակցության հարցում էական նշանակություն է ունենալու Իրանը՝ հյուսիս-հարավ երթուղու տրամաբանությամ: Այստեղ անշուշտ կա նաեւ Ադրբեջանի դերը: Այս հանգամանքը պետք է ռազմավարական մտորումների առիթ Հայաստանի եւ Վրաստանի համար:
ԵՏՄ-Հնդկաստան ազատ առեւտրի ընդլայնված համաձայնագրի գործընթացը, որը անշուշտ կպահանջի տեւական ժամանակ, թերեւս տարիներ, կարեւոր է Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստան-Հնդկաստան հարաբերության խորացման միտումները: Հայաստանի համար դա կլինի Հնդկաստանի հետ փոխշահավետ աշխատանքի ընդլայնման հնարավորություն, ընդ որում ոչ միայն բանակցության արդյունքի, այլ ինքնին գործընթացի ռեժիմում էլ: Միաժամանակ, կասկածից վեր է նաեւ, որ Ադրբեջանը կփորձի հյուսիս-հարավի տրամաբանության մեջ իր դերն «իրացնել» նաեւ հենց Հայաստան-Հնդկաստան փոխհարաբերության խորացման թիրախավորման համար, հաշվի առնելով նաեւ Երեւանի եւ Դելիի միջեւ հարաբերության ռազմա-քաղաքական բաղադրիչը:
Միեւնույն ժամանակ, կասկածիվ վեր է, որ Բաքուն իր այդ ճանապարհային նշանակությունը օգտագործելու է Արեւմուտքից էլ հնարավորինս բարձր գին կորզելու նկատառումով: Մեծ հաշվով, Ադրբեջանը փորձում է այդ հանգամանքները դարձնել ռեգիոնալ նշանակության տերության կարգավիճակ «ստանալու» միջոց, փորձելով այդ կերպ առնվազն շոշափելիորեն բարձրանալ կովկասյան եռյակից մեկը լինելու աստիճանից: Այդ ընդգրկումներն են նաեւ, որ Հայաստանին ու Վրաստանին պետք է տան ռազմավարական մտորումի առիթ, ձեւավորելով որոշակի ընդհանուր շահեր: Եթե Երեւանն ու Թբիլիսին գտնեն հյուսիս-հարավի ադրբեջանական դերակատարմանը այլընտրանք ձեւավորելու կարողություն, կամք, հեռատեսություն եւ իմաստնություն, ապա դա շոշափելիորեն կնպաստի կովկասյան ռեգիոնում ուժերի հավասարակշռմանը, այդ թվում նաեւ ինքնիշխանության ռեսուրսի իմաստով:







































