Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Փեզերը պատվիրակության հետ պաշտոնական այցով առաջին անգամ այցելել է Վրաստան։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ դաշնային նախարարին դիմավորել են Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն և Գերմանիայի դաշնային հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան։
«Այցի շրջանակներում Նենսի Փեզերը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Նշենք, որ այս տարվա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի խորհրդարանն օրենսդրական ակտ է ընդունել Վրաստանն անվտանգ ծագման երկիր ճանաչելու մասին։ Գերմանիայի կառավարության կողմից ընդունված այս որոշումը հաստատում է, որ Վրաստանը օրինական և ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովված է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև միգրացիայի և շարժունակության մասին համաձայնագրի ստորագրում։ Համաձայնագրի նպատակն է ամրապնդել Վրաստանի և Գերմանիայի միջև աշխատանքային միգրացիայի և կրթության ոլորտում համագործակցությունը, իսկ վրացի ուսանողների և հետազոտողների համար ավելի ինտենսիվ կիրականացվեն կրթական և պրակտիկայի ծրագրեր։
Ի լրումն վերը նշվածի, համաձայնագիրը նախատեսում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուժեղացում, ինչը ենթադրում է համագործակցության ամրապնդում Վրաստանի այն քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման ապահովման ուղղությամբ, ովքեր խախտում են առանց վիզայի ռեժիմը։ Նշենք, որ ռեադմիսիայի ծրագիրը հաջողությամբ իրականացվում է 2011 թվականի մարտի 1-ից՝ 2010 թվականին Վրաստանի և Եվրամիության միջև առանց թույլտվության ապրող անձանց ռեադմիսիայի մասին ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։








































