«Ես չգիտեմ իշխանությունն ընդդիմության համար ինչքանով է նվեր, բայց որ ընդդիմությունը մեզ համար նվեր է, միանշանակ համաձայն եմ», ասում է ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում: Պատգամավորը թերեւս համեստություն է անում, քանի որ կառավարող մեծամասնությունը այս տարիների ընթացքում բազմիցս է համոզվել, որ՝ ինչպես ընդդիմությունն է իրենց համար նվեր, այնպես էլ իրենք են նվեր ընդդիմության համար: Որովհետեւ միայն այդպիսի «նվեր» իշխանության դեպքում է, որ Հայաստանը մսխած կառավարող նախկին համակարգը կարող էր այդ ամենից հետո այսօր լինել Հայաստանի այսպես ասած առաջատար ընդդիմություն, ներկա լինել խորհրդարանում:
Այնպես որ, միմյանց նվեր լինելու երկոըստեք գիտակցումը՝ իհարկե բանականության կանխավարկաշի պարագայում, թերեւս առկա է ընդդիմության ու իշխանության մոտ փոխադարձաբար, ավելորդ համեստությունն անտեղի է: Հայաստանի քաղաքական համակարգն այդպիսով վերածվել է փոխադարձ նվիրատվության համակարգի, ինչի հետեւանքը այն է, որ Հայաստանում չկա ոչ միայն քաղաքականություն, այլ փակվում է նույնիսկ քաղաքական արդիականացման որեւէ հեռանկար:
Որովհետեւ, եթե մինչեւ 2018 թվականը այդ արդիականացումը մեծ պահանջարկ չուներ միայն կառավարող համակարգում, ապա 2018 թվականից հետո այդ արդիականացումը ըստ էության պահանջարկ չունի թե կառավարող, թե ընդդիմադիր շրջանակում, որովհետեւ սպառնալիք, մարտահրավեր է հավասարապես երկուսին էլ: Իսկ այդ իրավիճակը մարտահրավեր է Հայաստանին, Հայաստանի հանրությանը: Հարցն այն է, թե կա՞ արդյոք առաջնորդող խմբերի բավարար ներուժ եւ ռեսուրս՝ այդ մարտահրավերն ընդունելու եւ հանրությանը դրա հաղթահարմանն ուղղված առաջարկներ անելու համար:
Եթե այդ ներուժը չգտնվի, ապա պարզապես ժամավաճառություն է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող որեւէ խնդրի լուծման մասին որեւէ խոսակցություն: Հայաստանի խնդիրները լուծելու իրական եւ ամբողջական շահագրգռություն կարող է ունենալ միմիայն Հայաստանը, հետեւաբար այդ լուծումները կամ կգտնվեն Հայաստանի ներքին ուժի հաշվին՝ մտավոր, ֆիզիկական, մշակութային, արժեհամակարգային ուժի շնորհիվ, կամ չի ստացվի ոչինչ:








































