Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը, ինչի արդյունքում քանակապես ու որակապես բարելավվել է խմելու ջրի մատակարարումը բոլոր տնտեսությունների համար։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Փոքր Մասրիկի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում՝ տարողության ավելացմամբ, հիմնանորոգմամբ, ցանկապատմամբ, անվտանգության գոտու ստեղծմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի վերջերից եւ ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Աշխատանքներն իրականացրել են «Լեյվլ» ՍՊԸ շինարարները։
«Խորքային հորից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարը գտնվում էր վթարային, քայքայված վիճակում, որն էապես ազդում էր ջրի մաքրության ու անվտանգության ապահովման վրա։ Բացի այդ, այն իր տարողությամբ չէր բավարարում գյուղի տնտեսությունների կարիքները։ Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման արդյունքում 144,2 տոննա տարողությամբ ավելացել է ջրի տարողությունը, հիմնանորոգվել են պատերը, կառուցվել է հուսալի ծածկ, ցանկապատվել է տարածքը, եւ այժմ ջուրը տնտեսություններին մատակարարվում է մաքուր վիճակում, բավարար ու պահանջված քանակով»,-ներկայացրեց «Լեյվլ» ՍՊԸ ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը։









































