Միլլի մեջլիսի իրավական հարցերով կոմիտեի անդամ Աղամալիեւը քննադատել է եվրոպական եւ հատկապես ֆրանսիական կառույցներն, որ Արցախի նախկին նախագահներին ներկայացնում են որպես քաղբանտարկյալների: Նա չի նշում, թե կոնկրետ ո՞ր կառույցներ են այդ ուղղությամբ գործում եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, բայց եթե Բաքվի քարոզչությունը թեման բացել եւ հասցրել է խորհրդարանի պատգամավորի մակարդակով հակադարձումների, պետք է ենթադրել, որ ալիեւյան վարչակազմն ինչ-որ տեղեկատվություն, համենայն դեպս, ունի կամ հնարավոր գործընթացներ է կանխատեսում եւ անցել է կանխարգելիչ քարոզչության, որ «խոսքը ռազմական հանցագործների մասին է»:
Աղամալիեւը տեղյակ է, որ «նախաքննությունը բավարար փաստական ապացույցներ է ձեռք բերել, տեղի կունենա դատավարություն, մամուլը կլուսաբանի, իսկ քրեական գործի նյութերը կտրամադրվեն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին»: Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Ադրբեջանում հավատարմագրված որոշ դեսպանատներ արդեն իսկ հետաքրքրվում են Արցախի նախկին նախագահների դեմ հարուցված քրեական գործով, նախաքննությամբ, անազատության մեջ նրանց իրավունքների հարցերով, եւ Բաքվի վարչակազմը խորհրդարանականի միջոցով պատասխանում է նրանց:
Արցախի նախկին նախագահներն ունեն Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի կողմից 1992թ. մարտի 24-ին ճանաչված իմունիտետ: Այդ որոշումն ընդունվել է կոնսենսուսով, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ: Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է ճանաչվել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ներկայացնում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան բազմիցս պաշտոնապես այցելել են Ստեփանակերտ, բանակցություններ վարել Արցախի նախագահի, Պաշտպանության բանակի հրամանատարի, արտաքին գործերի նախարարի հետ, իսկ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկը երեւի ինքն էլ կորցրած լինի ստեփանակերտյան գործուղումների հաշիվը:
Իսկ ինչու՞ այդ երկուսուկես տասնամյակում Բաքուն ոչ մի անգամ չի առարկել Ստեփանակերտ ԵԱՀԿ ՄԽ համանագահների, ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի, նրա գրասենյակի Բարձր պլանավորման խմբի այցերի դեմ: Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի տարածք էր, միջնորդները հարգում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը եւ առանց Բաքվի համաձայնության երբեք Ստեփանակերտ ոտք չէին դնի, Արցախի պետական դրոշի ներքո նախագահական նստավայր չէին մտնի:
Բաքվի մարտահրավերն այս իմաստով միայն Արցախի պետականության եւ նրա նկատմամբ Հայաստանի հովանավորության դեմ չէ, այլ՝ միջազգային հանրության, այս դեպքում կոնկրետ՝ ԵԱՀԿ-ի, նրա ձեւավորած Մինսկի խմբի, ՄԽ համանախագայության եւ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի: Դատել Արցախի նախագահներին որպես ռազմական հանցագործների, նշանակում է Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային միջազգայնորեն հեղինակազրկել որպես «ագրեսիվ սեպարատիզմի աջակիցների»:
Աղամալիեւը բերել է Կատալոնիայի օրինակը, երբ ամբողջ Եվրոպան դատապարտեց անաջատողականությունը: Այո, բայց դա տեղի ունեցավ, երբ Իսպանիան մեղադրանք առաջադրեց Կատալոնիայի կառավարության նախագահին եւ քրեական հետապնդում նախաձեռնեց:
Ադրբեջանը Արցախի նախկին նախագահների դեմ քրեական գործ չի հարուցել, նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարել: 1994-2020 թվականներին Ադրբեջանի եւ Արցախի նախագահների միջեւ շփումներ եղե՞լ են: Իհարկե: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ փակագծեր բացել:
Բայց առայժմ ալիեւյան քարոզչությանը պետք է հակադարձել ըստ էության. Արցախի նախագահներն այդ պաշտոնը զբաղեցրել են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններով, նրանք այդ կարգավիճակում դե-ֆակտո ճանաչվել են միջազգային հանրության կողմից: Եւ միջազգային հանրությունը ոչ միայ իրավասու է նրանց քաղբանտարկյալ ճանաչելու, այլեւ օրինական գործընթաց սկսելու, որպեսզի նրանք ազատ արձակվեն:








































