Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թամազյանը։
«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։
Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։
Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։
Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։ Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար»,- գրել նա։










































