Հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում, արձագանքել է Կրեմլի խոսնակ Պեսկովը այսօր Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Վեհաժողովին Հայաստանի վարչապետի բացակայությանն առնչվող հարցին: Ըստ Պեսկովի, բացակայությունն առաջացնում է ափսոսանք, սակայն հույս ունեն, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում: Առաջին հայացքից «քաղաքավարական» կամ «արարողակարգային» հույս է: Մյուս կողմից սակայն, այդ «հույսի» արտահայտումը հնչում է Հայաստանին այսպես ասած՝ «թասիբի գցելու» տոնայնության կամ տողատակի «ձայնով»:
Որովհետեւ, եթե Երեւանը շռնդալից կերպով բոյկոտում է ՀԱՊԿ միջոցառումները՝ դրանց չմասնակցելու մասին են հայտարարել նաեւ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, նաեւ ԱԺ նախագահն է հայտարարել, թե դեկտեմբերին միջոցառում կա, բայց՝ գնա որ ինչ անի, ապա առաջանում է մի պարզ հարց՝ իսկ Երեւանն ընդհանրապես ՀԱՊԿ-ում մնու՞մ է, որ ինչ անի: Այստեղ խոսքը բոլորովին այն մասին չէ՝ ճի՞շտ է անում Հայաստանը ՀԱՊԿ-ում մնալով, թե՞ ոչ: Հարցը այն մասին է, որ այն, ինչ անում է Հայաստանը ՀԱՊԿ առնչությամբ այսօր, առաջացնում է այդ պարզ հարցը՝ իսկ ընդհանրապես ի՞նչ է անում Հայաստանը ՀԱՊԿ-ում: Պեսկովը այդ հարցը չի տալիս, բայց ակնհայտորեն ակնարկում է, ասելով, թե «հույս ունեն», որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ում: Իսկ ի՞նչ կասի Հայաստանը, կարդարացնի՞ այդ «հույսը»: Այն, որ ՀԱՊԿ չի արդարացրել, ու չի էլ արդարացնելու այն հույսերը, որ իրապես, թե ձեւականորն տածում է Երեւանը՝ ակնառու է: Ընդ որում, քչերիս համար դա ակնառու էր դեռեւս տասնամյակ առաջ, երբ ուժգնանում էր Հայաստանի դեմ սողացող պատերազմը:
Այսօր սակայն, ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր՝ դա փաստ էլ չէ, այլ ավելին է քան փաստը՝ այդպես է հենց իրականում: Եվ ուրեմն, Հայաստանն ինքը արդարացնու՞մ է Մոսկվայից հնչած «հույսը», թե՞ Մոսկվայի համար հենց դա էլ ցանկալին է, որ Հայաստանն այդ հույսը չարդարացնի: Ինչու՞ դա պետք է լինի ցանկալի Մոսկվայի եւ գործնականում ՀԱՊԿ մյուս անդամների համար: Որովհետեւ Հայաստանն իր անվտանգության խնդիրներով նրանց համար գլխացավանք է վաղուց եւ նրանք թերեւս գործնականում հույս ունեն՝ իրական հույս, որ Հայաստանն ի վերջո կգնա նաեւ ՀԱՊԿ անդամակցությունը չեղարկելուն, զգալիորեն թեթեւացնելով ՀԱՊԿ գլխացավանքը եւ վերցնելով այն սեփական ուսերին: Եվ հակառակը, ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքը շարունակելու իրական հույս ունեն թերեւս արեւմտյան խաղացողները, որոնց հետ Երեւանը քննարկում է անվտանգությանն առնչվող հարցեր, որովհետեւ ՀԱՊԿ-ից դուրս գալը նվազեցնելով Ռուսաստանի պատասխանատվությունը, բարձրացնելու է իրենցը, այս բարդ ռեգիոնում եւ բարդ ժամանակահատվածում այն գլխացավանքի վերածելով իրենց համար:








































