
Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ շուտով իր արտաքին գործերի նախարարը կուղեւորվի Վաշինգտոն՝ շատ կարեւոր առաքելությամբ: Էրդողանը թույլ էր տվել դիվանագիտական գաղտնապահությունից եւ պատշաճությունից դուրս միտք հնչեցնել, թե խոսքն, իհարկե, Բայդեն-Ռայիսի հանդիպում կազմակերպելու մասին չէ, ինչից հասկացվում էր, որ Թուրքիան փորձում է ԱՄՆ-Իրան հարաբերություններում միջնորդ հանդիսանալ: Անցել է ավելի քան երկու շաբաթ, Թուրքիայի արտգործնախարարի վաշինգտոնյան այց տեղի չի ունեցել: Ադրբեջանը մերժել է Հայաստանի հետ արտաքին գործերի նախարարների մակարդակով Վաշինգտոնում բանակցությունների առաջարկը: Կարելի՞ է ենթադրել, որ Վաշինգտոնը մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի «միջնորդական» այցը, եւ Ալիեւը փոխադարձաբար չի ընդունել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱՄՆ-ում կազմակերպելու առաջարկությունը: (Թե որքանով ընդունելի էր ԱՄՆ հետ Թուրքիայի միջնորդությամբ երկխոսություն սկսելու գաղափարը, կարելի է ենթադրել նրանից, որ չի կայացել նաեւ Իրանի նախագահի Անկարա այցը, որ նույնպես Էրդողանն էր անոնսավորել):
Այս բավական խճճված իրավիճակին հավելյալ ինտրիգ է հաղորդել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Al-Jazera-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ Թուրքիան քննարկում է Իսրայելի հետ հարաբերությունների խզման հնարավորությունը, բայց դա պետք է լինի կոլեկտիվ որոշում՝ իսլամադավան այլ երկրների հետ: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Էրդողանի Բեռլին այցից հետո: Դա նշանակում է, որ Թուրքիան եւ Գերմանիան համաձայնության չեն եկել: Խնդիրն ամենայն հավանականությամբ շատ ավելի խորքային է եւ կապված է Մերձավոր Արեեւլքում Իսրայելի աշխարհաքաղաքական կարեւորության հետ, ինչը, կարծես, Էրդողանը վիճարկում է հավաքական Արեւմուտքի հետ՝ իրավիճակն ակնհայտորեն սրելով մինչեւ քաղաքակրթական-դավանաբանական դիմակայության սպառնալիքի կիրառում: Վերջին շրջանում Էրդողանը համառ նպատակադրվածությամբ իրեն է վերագրում քառասունչորսօրյա պատերազմի ռազմական հաջողությունը, իսկ Գերմանիա ուղեւորվելուց առաջ խորհրդարանում Լեռնային Ղարաբաղն անվանել է «մեր հողեր»: Ու՞մ է հասցեագրված այդ բացահայտումը:
Հայաստանի պարագան ինքնին հասկանալի է, բայց Էրդողանը քաջ գիտի, որ Երեւանում եւ Ստեփանակերտում ոչ ոք չի կասկածում, որ պատերազմը նույն ելքը չէր ունենա, եթե Թուրքիան ուղղակի ռազմական մասնակցություն չունենար: Իրողությունը գաղտնիք չէ Մոսկվայի համար: Դա, բնականաբար, գիտեն նաեւ Վաշինգտոնում, Փարիզում եւ Բրյուսելում, ինչպես նաեւ՝ Թեհրանում եւ Երուսաղեմում: Բայց Ալիեւը գիտի բոլոր մանրամասնություններով ու եթե մինչեւ վերջերս երբեմն կարեւորում էր Թուրքիայի «եղբայրական» աջակցությունը, ապա հոկտեմբերի 15-ի ստեփանակերտյան մենախոսության ժամանակ այդ մասին ոչ միայն լռեց, այլեւ հաջողությունները վերագրեց բացառապես իրեն, ադրբեջանական ժողովրդի կամքին եւ վճռականությանը, ադրբեջանական բանակի զորությանը: Փորձու՞մ է Ալիեւը հաղթահարել «ավագ եղբորից» բոլոր առումներով կախվածության բարդույթը: Այսօր, կարծես, բոլորը հասկացել են, որ ինչ-որ հնարավորություն բաց են թողել կամ Ալիեւը խորամանկել եւ նախնական պայմանավորվածություններից խույս է տալիս: Բայց իրականում Ալի՞եւն է Փարիզի, Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ դիվանագիտական շատ կոշտ հռետորաբանություն կիրառում, թե նրան պարզապես օգտագործում են որպես խոսափո՞ղ:
Եւ արդյոք պատահակա՞ն զուգադիպություն է, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու է դառնում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն հրաժարվում է Արեւմուտքի հովանու ներքո եւ նրա երաշխիքներով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: Ալիեւից ակնհայտորեն գարու հաշիվ են պահանջում թե Ռուսաստանը, թե Իրանը, թե հավաքական Արեւմուտքը, բայց հատկապես՝ Թուրքիան, Էրդողանը, որ կատաղի պայքար է մղում Մերձավոր Արեւելքում վճռորոշ դերակատարության համար: Այստեղ, հավանաբար, վճռորոշ է լինելու Իրանի դիրքորոշումը: ԱՄՆ-ը կփորձի՞ Եվրամիության, Վրաստանի եւ Հայաստանի միջոցով Իրանին դուրս բերել Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի ռուս-թուրքական նախագծումներից: Ի՞նչ գին կարող է վճարել Վաշինգտոնը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պնդել է, որ պոստկոնֆլիկտային Պաղեստինում ՀԱՄԱՍ-ը պետք է մնա որպես քաղաքական ուժ: Իրանը համաձա՞յն է, որ Գազայում իսրայելական վերահսկողություն չհաստատվի, բայց կառավարումն անցնի Մահմուդ Աբասին՝ ինչպես առաջարկում է Վաշինգտոնը: Իսկ Ալիեւը ՀԱՄԱՍ-ը ճանաչում է ահաբեկչակա՞ն, թե՞ ազատագրական պայքարի քաղաքական կազմակերպություն: