Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգում քննարկվել է 6 հարց։
Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Համայնքի ղեկավարի տեղակալը Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության 27-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին:
Սեւան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգի առաջին հարցով փոփոխություն է կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 14-ի N112-Ն որոշման մեջ: Սեւան համայնքի սեփական եկամուտները կավելացվեն տնտեսումների հաշվին: Երկրորդ հարցով ավագանին սահմանել է 2024 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները եւ դրույքաչափերը, որոնք հիմնականում կապ ունեն քաղաքաշինության ոլորտի հետ: Ավագանին երրորդ հարցով սահմանել է նաեւ Սեւան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2024 թվականին գանձվող վճարների դրույքաչափերը: Հաջորդ հարցով 2024 թվականի սկզբից աղբահանության համար կվճարեն նաեւ գյուղական բնակավայրերի բնակիչները՝ մեկ շնչի հաշվով ամսական 50 դրամ: Մեկ այլ հարցով ուժը կորցրած է համարվել Սեւան համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 30-ի N35-Ն որոշումը եւ սահմանվել Սեւան համայնքի սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման նոր չափորոշիչներ: Հաջորդ հարցով Սեւան համայնքի ավագանին «Իրան-Հայաստան 400 Կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում համայնքային սեփականություն հանդիսացող, Չկալովկայում գտնվող հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով, հողամասի կադաստրային արժեքով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը օտարելու մասին որոշում է կայացրել: Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերին:
Ավագանին քննարկել է նաեւ քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները:











































