Ո՞վ է Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդու նյարդերի հետ քաղաքական խաղեր սկսել: Ո՞վ է հետեւողականորեն ներշնչում, որ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը քաղաքացիության անբեկանելի վկայական է: Ո՞վ է ժամանակին որոշում կայացրել, որ ԼՂՀ հայ բնակչությունը պետք է ՀՀ անձնագիր ունենա: Ի՞նչ հիմքով, եթե «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ ՀՀ քաղաքացի են նախկին ՀԽՍՀ քաղաքացիները եւ ՀՀ տարածքում բնակվող այն անձինք, ովքեր այլ երկրի քաղաքացիություն չունեն կամ հրաժարվել են: Խնդրի իրավական կողմը թող մասնագետները պարզաբանեն:
Քաղաքական առումով Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդու միակ հնարավորությունը, որ նրան (ինձ) կապում է հայրենիքի հետ՝ փախստականի վկայականն է: Մարդիկ թշնամական կողմի պաշտոնական տեսակետին ծանո՞թ չեն, մամուլ չե՞ն կարդում: Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովը իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում «ապրում էին վերջին երեսուն տարում Հայաստանից այնտեղ ապօրինաբար վերաբնակվածներ, որ կամավոր տեղափոխվել են իրենց հայրենիք»: Այսինքն, Ադրբեջանը նրանց հանդեպ որեւէ պարտավորություն չունի, քանի որ «նրանք ունեն Հայաստանի անձնագիր»:
Երեւանում պնդել, թե հարյուր հիսուն հազար բռնատեղահանված մարդ ՀՀ քաղաքացի է, նշանակում է Իլհամ Ալիեւին վերջնականապես ազատել ԼՂ հարցից, փակել վերադարձի, սեփականության իրավունքի ճանաչման թեման, Հայաստանին դնել ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական ծանր պատասխանատվության տակ: Մարդկանց զգացմունքները չպետք է չարաշահել: Իսկ եթե մենք ՀՀ քաղաքացիներ ենք, ու՞մ է պետք Արցախի վտարանդի կառավարությունը, որի ստեղծման գաղափարը նույնպես շրջանառվում է: Դժվար է ասել՝ այս զուգահեռ քարոզչությունը չիմացությունի՞ց է, թե՞ դիտավորություն, բայց փաստ է, որ այն ընթանում է միջազգային հարթակներում Արցախի հայության բռնատեղահանության ճանաչմանն ուղղված Հայաստանի դիվանագիտական ջանքերին զուգահեռ:
Փաստացի կոպտագույն սխալը, որ նախկին իշխանությունները թույլ են տվել չգիտես ինչ նկատառումներից ելնելով, փորձ է արվում վերստին կրկնել: Եւ ստեղծել իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կտարակուսի՝ իսկ արժե՞ Ադրբեջանի հետ հարաբերություններ սրել, եթե Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված մարդիկ իրենց համարում են ՀՀ քաղաքացի եւ Հայաստանի կառավարությունից են պահանջում ոչ միայն սոցիալական ապահովություն, այլեւ կորցրած գույքի եւ ունեցվածքի դիմաց փոխհատուցում: Այսինքն, հենց իրենք են փակում ԼՂ ապագայի հարցը: Մի՞թե սա է այս ամբողջ քարոզչության նպատակը:








































