Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նոյեմբերի 6-ին հանդիպել էր ԱՄՆ զինուժի եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամին, նրա հետ քննարկել հայ-ամերիկյան ռազմական գործակցության հարցեր, ներկայացրել Հայաստանի զինուժի վերափոխման ուղղությամբ կատարվող աշխատանքն ու ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը: Ամերիկացի գեներալն իր հերթին հայտնել է պատրաստակամություն, գործակցությունը շարունակելու, ինչպես նաեւ Հայաստանի զինուժի արդաիականցամանն աջակցության նոր ուղղությունների ուղղությամբ:
Ավելորդ է խոսել այն մասին, թե Միացյալ Նահանգները ինչպիսի կարեւոր գործընկեր կարող է լինել Հայաստանի զինված ուժերի ռեֆորմացիայի գործում: Նահանգների փորձառությունը այդ առնչությամբ ահռելի է, եւ անկասկած է ԱՄՆ առաջատարությունը ռազմական համակարգերի արդիականության առումով: Այդ ամենով հանդերձ, կա մի գլխավոր խնդիր՝ Հայաստանի զինուժի ռեֆորմացիան իրականացնողները Հայաստանի պաշտոնյաներն են՝ քաղաքական եւ ռազմական, եւ որքան էլ մեծ է արտաքին գործընկերների նշանակությունն ու արժեքը, ռեֆորմացիայի արդյունավետությունը կախված է դրա հայաստանյան պաշտոնյաների մասնագիտական կոմպետենտությունից, բարեխղճությունից, եւ ռազմավարական մտածողությունից: Հայաստանի համար արտաքին փորձը կարեւոր է, բայց այդ փորձը պետք է տեղայնացվի, ադապտացվի եւ համադրվի հայաստանյան մտածողական-մշակութային, նաեւ աշխարհագրական առանձնահատկություններին:
Ի վերջո, կա նաեւ Հայաստանի զինված ուժերի ռեֆորմացիայի գաղափարական ասպեկտը, որը հնարավոր չէ լրացնել արտաքին որեւէ գործընկերային աջակցությամբ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով:: Հայաստանի զինված ուժերի գաղափարական-արժեքային ռեֆորմացիան կարող է լինել միմիայն հայաստանյան, պարունակել հայկական պետականության ռազմավարական զարգացմանը միտված փիլիսոփայական եւ հայեցակարգային անկյունաքարեր, այդ կերպ նաեւ դառնալով ընդհանուր պետական եւ հասարակական վերափոխման միջոցներից մեկը: Զինված ուժերի արդիականացման խնդիրն ինքնին պետք է դիտվի նաեւ հենց հանրային-պետական լայն արդիականացման միջոց, ճանապարհ: Այդ խնդիրը լուծելի է միմիայն, բացառապես հայկական ներուժով: Ավելին, հենց այդ խնդրի լուծումն է, որ կարող է լինել զինուժի արդիականացման առանցք, որի շուրջ արդեն կկառուցվի այն ճյուղավորումը, որի համար անհրաժեշտ կլինեն արդեն արտաքին գործընկերային փորձառությունները:







































