Բանակում տեղ գտնող հանցագործությունների քրեական գործերի մասին այսօր «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկման ընթացքում խոսեցին փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Մուշեղ Շուշանյանը:
Սեդա Սաֆարյանը նշեց, որ բանակում կատարվող գրեթե բոլոր սպանությունների դեպքի վայրերը լավ չեն պահպանվում, ինչն էլ հետագայում հանգեցնում է քրեական գործերի ճիշտ ճանապարհից շեղմանը: Նա նկատեց, որ զինվորական դատախազությունը չի կարողացել դառնալ այն մարմինը, որը կկարողանա վերահսկել խմորումները բանակում, որոնք կան և հանգեցնում են մահվան դեպքերի:
«Կան քրեական գործեր, թե ինչպես են հանգուցյալի գրպանից փաստաթուղթ հանել ամբողջ հրամանատարական կազմով, զննել, հետո մտածել` արժե՞ տալ քննիչին, թե՞ ոչ: Այս ամենը թափթփված քննիչների աշխատանքի պատճառով է»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքերով` հենց բանակում մահ է արձանագրվում` լինի դա կախված, թե ենթադրյալ էլեկտրահարված զինվոր, առաջին իսկ պահից քննիչն «ինքնասպանություն» է դա անվանում, և հեռուստատեսությամբ հայտարարվում է այդ վարկածը`արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ստեղծելով գործի նկատմամբ: Սաֆարյանը նշեց, որ դեռ դատաբժշկական փորձաքննություն չեղած` քննիչը եզրակացություններ է անում մահվան պատճառների վերաբերյալ. «Այսօր բանակում զավակ կորցրած ծնողները հետ բերելու ոչինչ չունեն, ուզում են իրենց երեխաների մահվան հանգամանքները պարզել , որպեսզի մյուսները չտուժեն, բայց, չգիտես ինչու, պատկան մարմինները դրանում շոուի տարր են տեսնում»:
Փասաբանը կոչ արեց դատախազությանը և նախաքննական մարմիններին նման գործերը քննելու ուղարկել փորձառու քննիչներին: Սաֆարյանը նաև նկատեց, որ փորձաքննությունը ևս ճիշտ չի կատարվում. «Այսօր ունենք արհեստածին և շատ հաճախ սխալ փորձաքննություններ: Օրինակ` Տիգրան Օհանջանյանի գործով քննիչը փորձաքննության էր ուղարկել պահեստում գտնվող էլեկտրական լարը»:
Փաստաբանը նշեց,որ այս ամենը մեր հասարակության առջև դրված մարտահրավեր է, և շատ դժվար է նման դեպքերից հետո բանակ երեխա ուղարկել:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ներկայացրեց այն խնդիրները, որոնց բախվում են փաստաբանները: «Քրեական գործերը հարուցվում են սպանության հետ կապ չունեցող հոդվածներով: Զգացվում է հստակ միտում, որ ի սկզբանե նախաքննություն իրականացնող մարմինների առջև դրվում է նպատակ` գործի քննությունը տանել մի ուղղությամբ, որը կբացառի սպանության փաստը»,- նշեց փաստաբանը:
Նրա տեղեկացմամբ` նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերի մեծ մասը փաստաբանների համար մատչելի չեն` շատ նյութերի տրամադրումը մերժվում է` առանց որևէ հիմնավորում բերելու:
Շուշանյանը նշեց, որ այս գործերում խախտվում են Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածում տրվող երաշխիքները: Մասնավորապես, համաձայն այդ երաշխիքների` բանակում կատարված մահվան ելքով հանցագործությունների քննությունը պետք է կատարվի անկախ մարմինների կողմից, ինչը խախտվում է, քանզի ՊՆ-ի քննչական ծառայության կողմից է կատարվում քննությունը. «Սա ինքնաբերաբար հանգեցնում է նախաքննության նկատմամբ վստահության կորստին և ազդում է արդյունավետության վրա»:









































