Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը շատ արդյունավետ գործել է շուրջ հիսուն տարի, բայց «ներկայումս շնչահեղձ է»: Առաջիկա չորս –հինգ տարիների որոշումներից է կախված լինելու, ըստ Բայդենի, թե աշխարհն ինչպիսին կլինի գալիք հիսուն տարիներին: Սա նախընտրական ելույթ է, ԱՄՆ նախագահն ակնհայտորեն նկատելի է տալիս վերընտրվելու կամ առնվազն Դեմոկրատական կուսակցության իշխանությունը պահպանելու իր նպատակադրվածությունը:
Ռուս փորձագիտական հանրությունը Բայդենի նոր աշխարհակարգի տեսությանն անդրադարձել է այն կտրվածքով, որ աշխարհը ենթարկվում է հավաքական Արեւմուտքի ռեսուրսային շահագործման, եւ այդ նոր-գաղութականության դեմ են տրամադրված ոչ միայն այսպես կոչված զարգացող երկրները, այլեւ եվրոպական ձախ-սոցիալիստական քաղաքական հոսանքները: Դա հավաքական Արեւմուտքի հետ մրցակցության մեջ Ռուսաստանի քարոզչական ռեսուրսն է, որ Մոսկվան օգտագործում է ամենուր: Ռուսաստանյան մամուլը շատ հպանցիկ ակնարկում է «բաց թողնված հնարավորության» մասին: Խոսքը, կարծես, Ուկրաինայի դեմ ռազմագործողությանը նախորդած՝ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին Մոսկվայի ներկայացրած առաջարկությունների մասին է, որ այլ բան չէր, քան՝ բանակցությունների միջոցով աշխարհի նոր վերաբաժանման նախագիծ:
Ուշագրավ է հատկապես այն դիտարկումը, որ երբ գերտերությունները չեն մրցակցում կամ առնվազն ցույց են տալիս, թե արմատական հակասություններ չունեն, ապա տարածաշրջանային երկրները զուսպ են մնում, իսկ ակնհայտ դիմակայության պայմաններում ամեն մեկը ձգտում է հնարավորությունը բաց չթողնել եւ մեծացնել սեփական ազդեցությունը եւ դրանից ածանցվող միջազգային դիրքը, հեղինակությունը: Մեկնաբանություններից մեկում, ի թիվս այլոց, մատնանշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում բազմամարդ հանրահավքի ելույթում Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ մի գիշեր կարող է մտնել Գազայի հատված, ինչպես դա եղավ Լիբիայում, Աֆրիկայում եւ Լեռնային Ղարաբաղում:
ԼՂ-ում 1994թ. մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ: Նախ Միացյալ Նահանգների, ապա եւ Ֆրանսիայի միջնորդությունը հաստատվել է ԵԱՀԿ ձեւաչափում, որտեղ որոշումներն ընդունվուն են կոնսենսուսով: Այսինքն, Ռուսաստանն ինքն է միակ միջնորդի եւ հետպատերազմական ստատուս-քվոյի կառավարչի իր կարգավիճակը կիսել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ: Եթե ռուսաստանցի մեկնաբանը Թուրքիայի «գիշերային» մուտքը ԼՂ եւ առհասարակ Հարավային Կովկաս դիտարկում է Արեւմուտք-Ռուսաստան մրցակցության համատեքստում, ապա հետեւում է, որ Անկարայի ներկայությունը Մոսկվայի համար Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ ապագա բանակցություններում հավելյալ ռեսուրս է:
Նույնը կարող էինք վերագրել հավաքական Արեւմուտքին, եթե 2022թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի կամ թեկուզ միջազգային խաղաղապահ ուժեր լինեին եւ տեղի ունենար այն, ինչ եղել է՝ մեկօրյա ահաբեկչական պատերազմ, ավելի քան հարյուր հազար հայ մարդկանց բռնատեղահանություն եւ ոչ միայն անհատական, այլեւ հանրային ունեզրկում: ԱՄՆ նախագահը կանխատեսում է, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը կտեւի եւս չորս-հինգ տարի: Ոչ մի երաշխիք չկա, որ դա ստույգ է կամ գոնե՝ իրական հեռանկարին բավական մոտ: Ավելի մեծ է լարվածության նոր կետերի առաջացման եւ առկա հակամարտությունների երկարաձգվելու հավանականությունը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները չորս անգամ հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեման: Դա տեղի է ունենում այն համատեքստում, երբ Բաքվից Երեւան նոր առաջարկություններ են ուղարկվել: Տպավորություն է, որ Մոսկվան եւ Բաքուն Հայաստանին այս կամ այն առաջարկություն անում են նախնական խորհրդատվություններից հետո եւ այդ ռեժիմում էլ գնահատում Երեւանի պատասխան առաջարկությունները կամ նկատառումները: Հարավային Կովկասը նոր աշխարհակարգի շուրջ Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության մեջ Մոսկվան դիտարկում է որպես ի՞ր, թե՞ իր եւ Թուրքիայի «համասեփականություն» ռեսուրս:
Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանը, ինչպես ձեւակերպում են արեւմտյան փորձագետները, Միացյալ Նահանգները դիտարկում է որպես մեկ-ամբողջական ռեսու՞րս: ՆԱՏՕ-ն ի՞նչ դերակատարություն է վստահում կամ երաշխավորում Թուրքիայի համար: Ի վերջո, ի՞նչ ընտրություն կկատարի Թուրքիան: Ռուսաստանի հետ սեպարատ պայմանավորվածությամբ ուժի ազդեցիկ բեւե՞ռ կստեղծի, թե կմնա ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի «բակապա՞հ»:









































