Խորհրդային դարաշրջանում հայտնի այլախոհ, պանթուրքիզմի էթնիկ-մշակութային գաղափարախոս Օլժաս Սուլեյմենովի մեկնաբանությամբ՝ չինացիները մետաքսի արտահանման քարավանների հսկողությունը միջնադարում հանձնել են մոնղոլ-թաթարներին, եւ այդպիսով էլ սկիզբ է առել թուրքական տարրի երթը դեպի Արեւմուտք: Չինացիներն, այդպիսով, իրենց ապահովագրել են մոլղոլա-թաթարական արշավանքներից: Նոր «Մետաքսի ճանապարհը» կամ առնվազն նրա մի երթուղին նախատեսված է անցկացնել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա գծով: Բաքու-Կարս երկաթուղին այդ աշխարհաքաղաքական հաղորդակցության մի հատվածն է, որի արդիականացման եւ թողունակության ընդլայնման հարցերը վրաց-ադրբեջանա-թուրքական քննարկումների տիրույթում են:
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհի» խորհրդաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը եւ Հայաստանի տրանզիտային հնարավորությունների ձեւակերպված ներկայացումը, ընդ որում՝ որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ջանքերին Հայաստանի քաղաքական ներդրում, միտված է Հարավային Կովկասում ռազմա-աշխարհաքաղաքական բոլորովին նոր լանդշաֆտի ձեւավորմանը: Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետների միջեւ մի քանի ժամ տեւած հանդիպումը, հավանաբար, նվիրված է եղել տարանցիկ հաղորդուղիների շուրջ աշխատանքային քննարկումներին:
Հնարավո՞ր է Հարավային Կովկասի շուրջ լարվածությունը պարպել քաղաքական, տնտեսական եւ լոգիստիկ-կոմունիկացիոն համագործակցությամբ: Մանավանդ որ հարեւան՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջաններում դիմակայությունը, կարծես, հասել է բարձրակետին, որին կամ ավելի մեծ պայթյուն, կամ լիցքաթափում կարող է հաջորդել: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը իսրայելա-պաղեստինյան պատերազմի համապատկերին հայտարարել է, որ նոր աշխարհակարգի հնարավորությունը կախված է ԱՄՆ-Չինաստան համագործակցությունից: Հաջորդել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինային արված հորդորը՝ անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել «խաղաղության եւ տարածքների մասին»:
Լուկաշենկոն ընդունել է, որ ռուս-ուկրաինական ճակատում «պատային իրավիճակ է»: Դա նշանակում է, որ կողմերից ոչ մեկը մյուսին ռազմական ուժի պարտադրանք չի կարող ներկայացնել: Բոլոր ներգրավված կողմերը, կարծես, նույն կարծիքի են իսրայելա-պաղեստինյան պատերազմի հարցում. Ոչ ՀԱՄԱՍ-ը եւ մյուս զինված խմբավորումներն են ունակ «երկրի երեսից ջնջել սիոնիստական վարչախումբը» եւ ոչ էլ Իսրայելը կարող է էթնիկ զտումներով անեքսիայի ենթարկել Գազայի հատվածը:
Այս առումով միջազգային մամուլը մեծապես կարեւորում է Հնդկաստանի դիրքորոշումը՝ որպես Գլոբալ հարավի առանցքային երկրի: Փաստացի ակնարկվում է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումն է պայմանավորում Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ դիմակայության ուժերի հարաբերակցությունը:
«Մետաքսի ճանապարհի» կովկասյան երթուղիներից մեկը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, գործնականում ստեղծված է: Երկրորդը ծրագրված է հարավում: Կամ Հայաստանը միանում է եւ հաղորդուղին անցնում է Սյունիքով, կամ Ադրբեջանը Իրանի տարածքով կապ է հաստատում Նախիջեւանի հետ: Վարչապետ Փաշինյանը թբիլիսյան խորհրդաժողովին առաջարկել է «խաղաղության խաչմերուկի» տեսլականը: Այն ենթադրում է Հայաստանի հարավում Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ հաղորդակցությունների գործարկում, իսկ ավելի լայն կտրվածքով Հայաստանը պատրաստ է նաեւ էներգակիրների արտահանման եւ ներմուծման լոգիստիկա առաջարկել, ինչպես նաեւ՝ ավտոմոբիլայն հաղորդակցության երթուղիներ:
Տնտեսական, լոգիստիկ եւ կոմունիկացիոն ցանկացած նախագիծ ենթադրում է ռազմա-քաղաքական ապահովություն, որ կարող է լինել առարկայական կամ նույնիսկ՝ «հեռավար» : Ո՞վ է հարավ-կովկասյան «միջանցքային» նախագծումների անվտանգության երաշխավորը: Խոշոր ծրագրերը երաշխիք են, երբ արդեն կայացած են, հայտնի են ուժերի հարաբերակցությունը եւ «կառավարիչների» շրջանակը: Խնդիրն այն է, որ նախագծումները, որպես կանոն, ուժային կենտրոնների միջեւ հակասություններ են սրում: Մերձավոր Արեւելքում ավելի քան յոթանասուն տարի տեւող անկայունությունը, որ երբեմն-երբեմն մոտենում է կրիտիկական պայթյունի, աշխարհաքաղաքական մրցակցության դրսեւորում է:
Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, հաջորդած երկու ագրեսիան եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատվածի բռնազավթումը, Արցախում էթնիկ զտումները լայն համատեքստից արտածված ուժային ճնշումներ են: Հայաստանի մարտահրավերները հնարավո՞ր է չեզոքացնել Հարավային Կովկասի կոմունիկացիոն հնարավորությունների համաձայնեցված կառավարմամբ: Թե ուժային կենտրոնների միջեւ մրցակցությունն ավելի՞ իրավիճակն ավելի կմերկացնի:











































