Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում-ասֆալտապատվում է 3-րդ փողոցն ամբողջությամբ 4-րդ փողոցի մի հատվածը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 300 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է 3-րդ փողոցի և 4-րդ փողոցի մի մասի ասֆալտապատում՝ 5968 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով՝ ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոս ամսից և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։
Աշխատանքներն իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն:
Այս փողոցները, որոնք կարևոր նշանակություն ունեն դդմաշենցիների համար, տանում են դեպի ս. Թադեոս եկեղեցի և գերեզմանոց։ Ծրագրի իրականացման արդյունքում նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի փողոցները դդմաշենցիների համար կդառնան բարեկարգ ու անցանելի:











































