Իսրայելական The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ թուրք ինժեներները F-16 կործանիչների համար ինքնուրույն մշակել են բարեկամական ու թշնամական թիրախների ճանաչման համակարգ։
Այդ տիպի մարտական ինքնաթիռները հագեցվում են ամերիկյան ստանդարտ «յուրային-օտար» համակարգերով, որոնք իսրայելական թիրախներն ընկալում են որպես «բարեկամական» և թույլ չեն տալիս կրակ բացել դրանց վրա։
Ամերիկյան ինքնաթիռների վրա սեփական արտադրության սարքավորման տեղակայումը թուրքերին հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում F-16 կործանիչների միջոցով ոչնչացնել իսրայելական ինքնաթիռները և այլ թիրախներ։
Նշվում է, որ Թուրքիան այդ համակարգի մշակման վրա վատնել է մոտ երկու տարի, սակայն այժմ այն ամբողջովին պատրաստ է ինքնաթիռների ու ռազմանավերի վրա տեղակայվելուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե թուրքական ռազմանավերն այսուհետ ավելի հաճախ կգտնվեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում և կուղեկցեն դեպի Գազայի հատված հումանիտար բեռ փոխադրող նավերին։









































