Հեսսեն մարզի իշխանությունները ստեղծել և գործարկման մեջ են դրել առաջին համակարգչային ծրագիրը Գերմանիայում, որը թույլ է տալիս նվազեցնել խցանումները ճանապարհային աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Այս մասին գրում է Financial Times Deutschland-ը:
Ծրագիրը հաշվարկում է այն օպտիմալ ժամանակը, երբ ճանապարհի վրա հնարավոր է իրականացնել նորոգման կամ շինարարական աշխատանքներ: Ծրագրավորված ցանկացած շինարարությանը տրվելու է սահմանված հստակ ժամանակացույց, որպեսզի դրանով չխոչընդոտվի երթևեկությունը: Շինարարները պետք է լրացնեն առցանց ձևը, որից հետո ծրագիրը կտա աշխատանքների անցկացման ժամանակահատվածը, որին նրանք պետք է խստորեն հետևեն: «Այսպիսով, ցանկացած շինարարություն սահմանվելու և վերահսկվելու է օնլայն ռեժիմով», – նշել է Հեսսենի տրանսպորտի նախարար Դիտեր Պոշը:
«Մենք ուզում ենք օգտագործել բոլոր հնարավոր ձևերը, որպեսզի երթևեկությունը մաքսիմալ կերպով ազատ լինի»,- ավելացրել է Պոշը: Ծրագիրն առաջին հերթին ուղղված է կարճաժամկետ ճանապարհային աշխատանքների վերահսկմանը: Ավելի երկարաժամկետ աշխատանքները, որոնք շաբաթներ կամ ամիսներ են տևում, ծրագիրը դեռ չի կարողանում հաշվարկել: Ներդրված ծրագիրը, որն արժեցել է 460 հազար եվրո, հանդիսանում է «Խցանումներից ազատ Հեսսեն 2015» ծրագրի մի մասը: Ծրագրի ղեկավար Գերդ Ռիգելհուլթի խոսքերով՝ վերջին 10 տարիների ընթացքում մայրուղիներում խցանումների վրա ծախսվող ժամանակը հնարավոր է եղել կրճատել 80%-ով:









































