Ինչպես հայտնել էինք, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հավասար հնարավորությունների հանձնաժողովը տեղեկացրել էր, որ նախքան երեխայի ծնվելը նրա սեռի ընտրությունը «անհանգստացող չափերի» է հասել Եվրախորհրդի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Տղաների և աղջիկների բնական հարաբերակցությունը 105/100 է, սակայն Հայաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը 112/100 է, իսկ Վրաստանում 111/100:
Հետևաբար, դատապարտում է նախածննդյան փուլում հօգուտ տղաների սեռի ընտրությունը, ինչի արմատները գենդերային անհավասարություն ունեցող մշակույթներում է, և այդ երևույթը հակասում է ԵԽ արժեքներին: Տարածաշրջանի երկրներին կոչ էր արվում հետաքննություն սկսել այս հարցի կապակցությամբ, ինչպես նաև մեծացնել կնոջ դերը հասարակության մեջ:
Առոջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս զեկույցին, ասաց, որ այս խտրականությունը առկա է ոչ թե առաջին, այլ ավելի շատ երրորդ երեխայի դեպքում: «Խնդիրը կա, և հիմա մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մեծ ուսումնասիրություն ենք կատարվում, որպեսզի պարզվեն պատճառերը, թե ինչու են հայ ընտանիքները 3-րդ երեխայի դեպքում, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս տղաներին:
Ուսումնասիրությունները նոր-նոր ավարտվում են, և դեռ պետք է ամփոփվեն, հետևաբար, ես չեմ կարող ներկա պահին պատճառների մասին որևէ բան ասել: Ամենակարևորը՝ մեր երկիրն այդ պրոբլեմի առկայությունն ընդունել է, և մենք արդեն փորձում ենք արձագանքել՝ ի տարբերություն Վրաստանի, որի վիճակը, Եվրամիության էքսպերտների գնահատմամբ, ավելի վատ է»:








































