Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Անկարան կարող է դրական դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։
«Մենք շահագրգռված ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում»,- հայտարարել է Լավրովը։
Հացահատիկի գործարքի ավարտից հետո սեպտեմբերի 4-ին Սոչիում տեղի կունենա Էրդողան-Պուտին հանդիպումը։
Տեսակետ կա, որ Սոթքի լարումը պատահական չէ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 4-ին Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ որոշակի առումով տեղի ունեցած իրադարձությունների միջև կապ կա. «Սոթքի լարվածությունը, ըստ էության՝ պատերազմական գործողությունները, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի մեկին, իհարկե, ռուսական քաղաքականության հունով ընթացքող գործընթացներ էին։ Քաղաքականություն ուղղված նրան, որ ճնշումներ գործադրվեն Հայաստանի վրա, և այդ քաղաքականության մեջ, այո՛, Ալիևի ռեժիմը կատարում է բութ գործիքի դեր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով հացահատիկի գործարքի ավարտից հետո Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների սպասվելիք առաջին հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց, որ սա վերջին փորձն է գործարքն այն ձևով, որ ձևով նախաձեռնվել է, աշխատեցնել.
«Մենք տեսնում եք, որ փաստորեն Ռուսաստանը դուրս է եկել այդ գործարքից, բայց ցորենը Ուկրաիայից գնում է, այսինքն՝ այդ գործարքն աշխատում է «մինուս Ռուսաստան» ձևաչափով։ Եվ եթե ռուսներն իրենց դուրս են դնում այս գործարքից, դա արդեն դառնում է ռուսների պրոբլեմը, և Էրդողանը փորձ է անելու ինչ-որ ձևով վերակենդանացնել այդ գործարքը, որովհետև Թուրքիան իր օգուտն ունի այս ամենում։ Մենք տեսնում եք, որ Ֆիդան-Լավրով հանդիպման արդյունքում Ռուսաստանը Անկարային ուղղված որոշակի ժեստեր է արել հօգուտ Թուրքիայի։ Ի վերջո, մենք գիտենք, որ Քաթարի հետ միասին նաև ձեռնարկում են, որ Ռուսաստանը ցորեն վաճառի և Թուրքիան այն ամենաաղքատ երկրներին մատակարարի։ Ըստ էության՝ Թուրքիան չի ուզում իր կամուրջի դերը կորցնել երկու պատերազմող բևեռների՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ դրանով իսկ արժևորելով սեփական անփոխարինելության դերը։ Որքանով դա կստացվի, դժվար է ասել, Կովկասը կարևոր է, բայց Թուրքիայի համար շատ ավելի կարևոր հարցեր կան»,-ասաց Մեհրաբյանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 4-ի հանդիպմանը՝ նա նշեց, որ Թուրքիան տարածաշրջանում փորձում է ինչ-որ դերակատարում ունենալ, բայց այս պահին դա առանց կոնֆլիկտի Ռուսաստանի հետ չի ստացվում. որքան էլ Ռուսաստանը փորձում է Թուրքիային բերել խաղի մեջ, որպեսզի դրանով իսկ արգելափակի Արևմուտքի մուտքը տարածաշրջան, դա էլ հանգեցնում է կոնֆլիկտի Արևմուտքի և Թուրքիայի միջև, ինչն արդեն Թուքիային ձեռնտու չէ.
«Այնպես որ, չեմ կարծում, որ այնտեղ շատ մեծ փսփոխություններ լինեն, մանավանդ Ռուսաստանի ներկայիս դրության պարագայում, որովհետև մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչ ֆիասկո է ապրում ռազմաճակատում, այսօր էլ ճեղքումներ են տեղի ունենում, և դրանք խորանալու են։ Արդեն ուկրաինական բանակի գրոհային բրիգադներն են մտել մարտի մեջ, և դա հաստատապես զարգացումներ է ունենալու ի վնաս Ռուսաստանի, որովհետև ՌԴ-ն իրավիճակը բեկելու այլ տարբերակ չունի, ռեզերվները վերջացել են, և այս հոխորտանքը, որը «Չարի վերջի» աղվեսի՝ կացինս բերեմ, ծառդ կտրեմի սպառնալիքների շրջանակներում է, որովհետև ՌԴ-ն ոչ մի կացին չունի, ջարդվել է ռուսական կացինը և ընդ որում՝ ջարդվել է ռուսների գլխին»,-հավելեց նա։








































