Անշուշտ, միամտություն է ենթադրել, թե Փարիզի քաղաքապետը, որն անկասկած նաև ֆրանսիական քաղաքականության համապետական մասշտաբի հավակնությամբ գործիչ է, պարզապես «կուրորեն» որոշել է հավաքել մարդասիրական օգնություն և շարժվել դեպի Լաչինի միջանցք, քաջածանոթ լինելով այնտեղ վաղուց առկա իրավիճակին ու Ադրբեջանի դիրքորոշումներին: Հետևաբար, պետք է ենթադրել, որ կա հաշվարկված հաջորդ քայլ:
Ընդ որում, դրա մասին է վկայում այն, որ ֆրանսիական մարդասիրական շարասյանն ընդառաջ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույցներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Այդ հանգամանքը թույլ է տալիս դիտարկել, որ, թեև Փարիզի քաղաքապետը ոչ միայն չի ներկայացնում այն ուժը, որ առաջնորդում է Մակրոնը, այլ նաև 2022 թվականի նախագահի ընտրությանը նրա մրցակից թեկնածուներից էր՝ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, այդուհանդերջ շարասյան քայլը ֆրանսիական քաղաքականության համապատկերում է, այսպես ասած այն «մոբիլիզացվելու» շրջանակում, որի մասին նախօրեին խոսել էր Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոնան՝ այդ երկրի դեսպանների առաջ:
Այդպիսով, ո՞րն է լինելու Ֆրանսիայի հաջորդ քայլը: Արդյո՞ք բանաձևը ՄԱԿ ԱԽ, երբ Ադրբեջանը շարունակի մերժել մարդասիրական շարասյան մուտքը և դնի Աղդամի ճանապարհի հետ կապված իր պայմանները: Թե՞ Ֆրանսիան կփորձի համոզել Բաքվին և ստանալ Աղդամ-Լաչին համատեղ կոմբինացիա: Ալիևի օգնական Հաջիևը հայտարարել է, թե Աղդամի ճանապարհը բացելուց հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինը: Բայց, հասկանալի է, որ խնդիրը լոկ ժամանակացույցի համադրման դաշտում չէ, այլ բազմաթիվ այլ դետալների: Սակայն, մեղմ ասած բարդ է պատկերացնել, որ Ֆրանսիան ի վիճակի կլինի այդ հարցում լինել արդյունավետ միջնորդ, չունենալով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների որոշակի աջակցություն: Իսկ Նահանգներն ու Ռուսաստանը առայժմ կարծես թե հիմնականում հետևում են իրադարձությունների զարգացմանը, ըստ ամենայնի սպասելով, թե օժանդակության համար առաջինն ու՞մ կդիմի Ֆրանսիան՝ Մոսկվայի՞ն, թե՞ Վաշինգտոնին: Ընդ որում, այդ օժանդակությունը անհրաժեշտ է լինելու նաև այն դեպքում, եթե Փարիզի հաշվարկած հաջորդ քայլը ՄԱԿ ԱԽ գնալն է:
Լուսանկարը՝ Iravaban.net-ի








































