News Georgia-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ, պաշտոնական այցով նոյեմբերի 9-10-ը ժամանելու է Թբիլիսի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գրիգոլ Մգալոբլիշվիլին։
Վերջինիս խոսքերով՝ Հյուսիսատլանտյան խորհրդի կազմում ներառված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները. «Դա շատ նշանակալից այց է։ Այդպիսի ընդարձակ ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ժամանումն առաջին հերթին ընդգծում է այն, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի մերձեցման գործընթացն ընթանում է շատ դինամիկ ձևով ու հաջողությամբ»։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռասմուսենը Վրաստան է այցելել 2010 թվականի հոկտեմբերին, երբ Թբիլիսիում բացվել էր Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակը։







































