«Երևանը կոչ է անում պաշտոնական Բաքվին` զերծ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից», կառավարության օգոստոսի 11-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքի արգելափակմանը, միջանցքի մուտքի մոտ Հայաստանից ուղարկվող մարդասիրական բեռների արդեն 16-օրյա «կանգառի» հանգամանքին:
Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունը չի կարող ունենալ այլ բացատրություն, քան ցեղասպանության քաղաքականությունը: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո արդեն երեք տարի շարունակ գործնականում վարում է նույն քաղաքականությունը, պարզապես քայլ առ քայլ խորացնելով այն: Ըստ այդմ, խաղաղության «պատմական հնարավորությունը» ավելին չի եղել, քան պատրանք, եթե իհարկե եղել է այդ հնարավորության հանդեպ անկեղծ հավատ: Որովհետև, Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն լինել չի կարող, քանի դեռ գործնականում համաշխարհային մակարդակում շարունակվում է պատերազմը նոր աշխարհակարգի համար: Իսկ Կովկասը աշխարհակարգային անկյունաքարային ռեգիոններից մեկն է, որտեղ խտանում են համաշխարհային պատերազմի ըստ էության բոլոր հիմնական դերակատարների առանցքային շահեր և հետաքրքրություններ, ընդ որում բազմաբնույթ շահեր ու հետաքրքրություններ:
Հետևաբար, քանի դեռ այդ դերակատարները միմյանց հանդեպ հարաբերությունը պահում են պատերազմի ռեժիմում, դժբախտաբար այդ ռեժիմի ազդեցության ներքո է լինելու նաև Կովկասը: Իհարկե, պատկերը կլիներ այլ, եթե այստեղ լինել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ընդհանուր մոտեցում և երեք երկրները շոշափելիորեն համակարգված աշխատեին ռեգիոնը արտաքին ազդեցության ապակայուն հետևանքներից զերծ պահելու ուղղությամբ: Սակայն, միանգամայն հասկանալի պատճառների ու հանգամանքների բերումով, չկա այդ համակարգված և միասնական դիրքորոշումը, ու Բաքուն այդտեղ էական գործոն է: Էական, որովհետև Ադբեջանը իրեն չի դիտարկում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին այսպես ասած հավասար: Ավելին, նոր աշխարհակարգի համար մղվող համաշխարհային պատերազմն Ադրբեջանը դիտարկում է որպես կովկասյան ռեգիոնում նոր հարաբերակցության հնարավորություն, որտեղ ինքը՝ չլինելով իհարկե խոշոր խաղացողներին հավասար, այդուհանդերձ կլինի ռեգիոնի մյուս երկու երկրներից շոշափելիորեն ավելի վեր կանգնած: Իսկ դրա համար Բաքվին խաղաղություն պետք չէ: Իհարկե, հազիվ թե պետք է նաև մեծ պատերազմ: Այդ խնդիրները լուծելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է ներկայիս սողացող պատերազմի ռեժիմը, առավել ևս, որ այն ունի նաև միջազգային «լեգիտիմություն»:









































