Այսօր Ալավերդիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Օգոստոսի 30-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:
Քաղաքապետի պաշտոնի համար, ինչպես տեղեկացրել ենք, պայքարելու են Ալավերդու նախկին փոխքաղաքապետ, հանրապետական Արտավազդ Վարոսյանն ու Ալավերդու ներքաղաքային երթևեկությունը համակարգող «Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն, Կոմունիստական կուսակցության անդամ Կամո Բաբայանը։ Վերջինս ամեն կերպ խույս է տալիս խոսելուց, հետևաբար ընտրությունների և նախընտրական իրավիճակի շուրջ զրուցեցինք Արտավազդ Վարոսյանի հետ:
– Պարոն Վարոսյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր թեկնածության առաջադրումը:
– Իմ թեկնածության առաջադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2005թ.-ից աշխատում եմ Ալավերդու փոխքաղաքապետ: Կա աշխատանքային, համայնքային խնդիրների փորձ: Երկրորդը՝ սա ոչ թե ինքնառաջադրում է, այլ 2006թ.-ից «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, և կուսակցության մարզային խորհուրդն է ինձ առաջադրել ընտրություններին մասնակցել որպես քաղաքապետի թեկնածու: Այսինքն՝ դա նաև կոլեկտիվ որոշման արդյունք է:
– Օրակարգում ի՞նչ խնդիրներ կան, որ առաջնային լուծման կարիք ունեն:
– Գիտեք ինչ, խնդիրներն այնքան շատ ու բազմաբնույթ են: Բայց որպեսզի այդ բոլորը չթվարկենք, ասենք հիմնականը` դա աշխատատեղերի խնդիրն է: Որովհետև մյուս բոլոր խնդիրները իրենց լուծումը գտնում են, երբ լուծված է աշխատատեղի խնդիրը: Դա հիմնականում սոցիալական խնդիրներն են, մարդիկ, եթե ունեն աշխատանք, կլուծվեն նաև այդ հանգամանքից բխող բոլոր խնդիրները: Բարեբախտաբար, պետք է նշել, որ այդ տեսակետից մեր հեռանկարները վատ չեն, քանի որ քաղաքում ունենք խոշոր ձեռնարկություն, որը ընդլայնվելու և նոր աշխատատեղեր ապահովելու հեռանկարներ ունի: Այդ տեսակետից մեր դիրքը մի քիչ շահեկան է, և մենք այդ հեռանկարները տեսնում ենք:
– Խոսեցիք գործազրկության մասին. ներկա պահին վիճակագրություն ունե՞ք, թե քանի գործազուրկ կա:
– Եթե խոսքը գնում է պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին, որոնք գրանցված են Ալավերդիում, ապա պաշտոնապես նրանց թիվը 2000-ի շուրջ է տատանվում: Բայց քանի որ արտագնա աշխատանքների մեկնածներ կան, բնական է, որ մեր վիճակագրության մեջ որպես գործազուրկ ներառված չեն, ուստի մեր խնդիրը ավելի ծավալուն և լուրջ է:
– Նախընտրական վիճակը ինչպիսի՞ն է, քաղաքում լարվածություն կա՞: Եվ ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր հակառակորդի հնարավորությունները:
– Ընդհանրապես, նախընտրական առումով քաղաքում բավականին կայուն, ստաբիլ, համերաշխ և գործընկերային մթնոլորտ է՝ հատկապես քաղաքապետարանի մյուս բոլոր կառույցների և հասարակության հետ: Դա մեր նախկին տարիների թափանցիկ, բաց աշխատանքի արդյունքն է, և այնպես է, որ մարդիկ տեսնում են մեր աշխատանքը, հնարավորություն ունեն միջամտելու, արձագանքելու և՛ լավին, և՛ վատին՝ թերություններին: Մենք պատրաստ ենք նաև ձեր միջոցով ավելի բաց աշխատելաոճը շարունակենք: Նախընտրական առումով ևս իրավիճակը լարված անվանել չի կարելի: Բայցևայնպես, յուրաքանչյուր թեկնածու իր թեկնածությունն առաջադրում է հաղթելու նպատակով՝ իհարկե, իր շանսերը գերադասելով հակառակ թեկնածուից: Հակառակ դեպքում, երևի, ընտրությանը չէին մասնակցի:
– Քաղաքում խոսակցություններ են շրջանառվում, որ և՛ քաղաքապետը, և՛ կուսակցությունը պաշտպանում են Ձեր թեկնածությունը, հետևաբար այս ընտրությունները ձևական բնույթ են կրում, որովհետև միանշանակ Դուք եք անցնելու:
– Ես չեմ կարծում, որ դա լուրջ մտահոգվելու առիթ է, կամ բացասական է, երբ սատարողներ կան իմ թեկնածությանը, և ինչ-որ տեղ կան օբյեկտիվ հիմքեր ենթադրելու, որ իմ շանսերը գերադասելի են մյուս թեկնածուի շանսերից: Եվ դա բոլորվին առիթ չէ՝ ընտրությունները անվանելու ձևական: Անկախ ամեն ինչից՝ ընտրության արդյունքը որոշվում է ընտրության արդյունքում, որևէ կանխատեսում անելը, ժամանակից շուտ եզրակացություն անելը ճիշտ չեմ համարում:
– Տպավորություն է ստեղծվում, որ ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը բացառված են:
– Բնականաբար դրա անհրաժեշտությունը չկա, և դա շատ արատավոր երևույթ է: Ընտրական գործընթացին եղեք մեր տարածքում, ձեր մասնագիտական պարտքը կատարեք և հասարակության կարծիքը հարցրեք՝ նման երևույթներ արձանագրվե՞լ են այս գործընթացի արդյունքում, թե՞ ոչ: Ես չեմ համարում, որ որևէ թեկնածու կօգտվի այդ ոչ պատիվ բերող տարբերակից՝ ձայներ հավաքելու համար:
– Իսկ հակառակորդ թեկնածուի կողմի՞ց:
– Չէ՛, չեմ կարծում: Գիտեք ինչ, եթե նման երևույթներ էլ կան, պետք է այլևս փաստեն, որ դա ընտրական դեր չի կարող խաղալ, և տարեցտարի վերանայվելու է: Մեր հասարակությունը կայանում է որպես քաղաքացիական հասարակություն, մարդկանց պատրաստվածության, տեղեկացվածության աստիճանը բարձրանում է, հետևաբար նրանց այդ մեթոդներով չես կարող ապակողմնորոշել:
– Կարելի՞ է ենթադրել, որ մենք խոսում էինք արդեն ապագա քաղաքապետի հետ:
– Մասնակցելով ընտրություններին որպես ապագա քաղաքապետի թեկնածու՝ ես ինքս կցանկանայի, որ ձեր պրագնոզը արդարանար, և մենք արդեն 12-ին ձեր ասած կարգավիճակում զրուցեինք:









































