Կան որոշակի հարցեր, որոնց առնչությամբ ակնկալում ենք պարզաբանում Անկարայից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, կապված Ուկրաինայի Ազով գումարտակի մի խումբ հրամանատարների Ուկրաինա վերադարձնելու Անկարայի որոշման հետ: Դա տեղի ունեցավ օրեր առաջ, երբ Անկարա էր ժամանել Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Ինչպես հայտնի է, «ազովական» հրամանատարները գերեվարվել էին Մարիուպոլի գրավման ժամանակ և հետո փոխանակման շրջանակում «ի պահ» տրվել Թուրքիային: Տեղի ունեցածը Հայաստանում էլ արժանացել է ուշադրության, առավելապես ռուս-թուրքական հարաբերության համատեքստում: Եվ դա բնականաբար օբյեկտիվ ուշադրություն է: Ավելին, կան նույնիսկ շերտեր կամ խմբեր, որոնք ընդհուպ խոսում են այն մասին, որ Մոսկվան կարող է պատժել Անկարային: Այդ համատեքստում ընկալվում է մի հեռանկար, որ Մոսկվայի պատիժը կարող է ինչ որ ձեռքբերում դառնալ Հայաստանի ու Արցախի համար:
Իրականում սակայն, պատկերը անշուշտ ոչ միայն չունի այդօրինակ միարժեքություն, ոչ միայն կարող ենք գործ ունենալ «այսբերգի» հետ, երբ տեսանելի մասը շատ ավելի փոքր է, քան այն, ինչ ջրի տակ է, այլ դեռ հարց է, թե ներկայիս փուլում Հայաստանի ու Արցախի համար որքանով է շահեկան ռուս-թուրքական հակադրությունը կամ լարումը: Ի վերջո, անկասկած է, որ այդ հակադրությունը կամ լարումը «ավարտվելու» է որևէ մի նոր համաձայնությամբ, ինչպես լինում է գործնականում պարբերաբար՝ պատմական տարբեր մեծ կամ լոկալ ցիկլերում: Ռազմավարական իմաստով, Թուրքիայի հետ որևէ կոշտ դիմակայություն չի բխում Ռուսաստանի շահից, ինչպես որ Թուրքիայի շահից չի բխում Ռուսաստանի հետ այնպիսի հակադրությունը, որը փաստացի կզրկի Անկարային Արևմուտքի և ՌԴ միջև շահեկան մանևրի հեռանկարից, որը էրդողանյան քաղաքականության հիմնասյուներից մեկն է: Այդ պայմաններում, ռուս-թուրքական հարաբերությունը չի կարող ենթակա լինել մեխանիկական չափման, ինչպես հաճախ դիտարկվում է Հայաստանում:
Ի վերջո, որևէ լարվածություն ինքնին էապես բարձրացնելով նաև Կովկասում, մասնավորապես Հայաստանի ու Արցախի անվտանգության գոտում լարվածության ռիսկը, դրա հետ մեկտեղ բարձրացնում է նաև հենց այդ անվտանգության գոտում նոր որևէ համաձայնությամբ պայմանավորվելու ռիսկերը, հաշվի առնելով, որ այդ համաձայնությունները տեղի են ունենում հենց Հայաստանի կամ Արցախի հաշվին: Հետևաբար, ռուս-թուրքական հարաբերություն կամ գործակցություն ասվածի կայունությունը ներկայումս թերևս առավել նախընտրելի է, քան դրա ցնցումները, որոնք Հայաստանին ու Արցախին կարող են բերել նոր մարտահրավերներ, ու դա այն դեպքում, երբ թե Երևանը, թե Ստեփանակերտը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բերումով ունեն անգամ ընթացիկ մարտահրավերներին համարժեք և էֆեկտիվ արձագանքի խնդիր, ուր մնաց ստիպված լինեն էֆեկտիվ արձագանքել օպերատիվ ռեժիմում մասշտաբային բնույթի նոր ռիսկերի:









































