Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսելու է հեռարձակումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Նախարարության «Տելեռադիո» արտադրական միավորումն ավարտին է հասցնում Տերտերի շրջանում նոր հեռուստաաշտարակի կառուցումը։ Այս մասին հայտարարել է «Տելեռադիո»-ի գլխավոր տնօրեն Աֆլատուն Շարֆովը։
Վերջինիս խոսքերով՝ ակնկալվում է, որ նոր հեռուստաաշտարակը շահագործման կհանձնվի 20 օրվա ընթացքում. «Այժմ գլխավոր առաջադրանքը համարվում է տվյալ օբյեկտի համար նախատեսված անհրաժեշտ տեխնիկական սարքավորման տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում, ինչպես նաև ղարաբաղյան տարածաշրջանի ցածրադիր հատվածում (Աղդամ, Բարդա և այլ շրջաններ)՝ ադրբեջանական հեռուստաալիքների եթերային հեռարձակումն ապահովելու համար։
Հեռանկարում հեռուստակայանի աշխատանքն իրականացվելու է էլեկտրոնային ձևով, ինչն իր հերթին հնարավորություն կտա կանխել Ադրբեջանի եթերային տարածք հայկական հեռուստաալիքների ներխուժումը»։









































