Հայաստանի խորհրդարանում հերթական միջադեպն է քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջեւ, որին միջադեպ անվանելը թերեւս արդեն իսկ որոշակի հաճոյախոսություն է, քանի որ առավել բնորոշ ձեւակերպումը «հերթական ռազբորկա» բառակապակցությունն է, որը սկսեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ընդդիմության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի ելույթին, որում նա հակադարձում էր պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը չմասնակցելու մեղադրանքներին, որ մեծամասնությունը ուղղում էր ընդդիմությանը:
Ահա այդ ամենը հանգեցրեց «հերթական ռազբորկային», հերթական անգամ ցույց տալով, որ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությամբ ձեւավորված այս խորհրդարանը գործնականում ունակ չէ որեւէ այլ կայուն գործունեության, քան այն պարբերական «ռազբորկաները» ներկայիս եւ նախկին իշխանությունների միջեւ, անցյալ ու ներկա հիշատակելով, որ կանոնավոր կերպով տեղի է ունենում արդեն երկու տարի: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը կանգնած է պատմական կարեւորագույն շրջափուլում, ունի ահռելի խնդիրներ, որոնց շուրջ կոնցեպտուալ քննարկումները, եւ անհրաժեշտության դեպքում օրենսդրական նախաձեռնություններով Հայաստանի դիմակայունության բարձրացումը պետք է լիներ այդ ժամանակաշրջանում գործունեություն ծավալող խորհրդարանի այցեքարտը: Ընդ որում ասել, թե այստեղ խնդիրը միայն խորհրդարանական ընդդիմության դաշտում է, նշանակում է չնկատել խնդրի ամբողջ խորությունը: Մեծամասնությունն ու ընդդիմությունը արժեն միմյանց եւ ամեն հաջորդ աղմկոտ միջադեպի պարզապես հաստատում է այդ հանգամանքը:
Սակայն, Հայաստանի համար խնդիրը ունի իհարկե առավել ընդգրկուն շրջանակ, քան լոկ խորհրդարանը: Բուն հարցն այն է, որ, եթե վաղը Հայաստանում անցկացվի խորհրդարանի նոր ընտրություն, ապա մենք ստանալու ենք գործնականում նույն պատկերը, առանձին շտրիխների տարբերությամբ: Ու սա շատ լավ գիտեն նաեւ խորհրդարանական ուժերը, գիտեն, որ այդ առումով իրենք մեծ հաշվով անմրցակից են, Հայաստանի քաղաքական դաշտում չունեն որակապես այլ կարգի մրցակցության մարտահրավեր: Ու դա է Հայաստանի քաղաքական հեռանկարի թիվ մեկ մարտահրավերը:











































