«Այսօր գեղեցկությունը դեպի Արևելք է թեքվել: Գեղեցիկի արևմտյան ստանդարտները ավելի քիչ են: Մեզանում հիմա աղջիկները ձգտում են հագնվել որքան վառ ու փայլուն՝ այնքան ավելի լավ:
Գեղեցկության մասին պատկերացումները, ընկալումը պայմանավորված են հոգեբանական գործոններով: Կարևոր է երեխայի մոտ վաղ հասակից գեղեցկության զգացում սերմանելը: Բնավ էլ պատահական չէ, որ հղիության ժամանակ մայրերին խորհուրդ են տալիս ավելի շատ առնչվել գեղեցիկի հետ` լսել երաժշտություն, գեղեցիկ պատկերներ տեսնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա` գեղեցկության ընկալումն անհատական է , բոլորն էլ այն տեսնում են, սակայն ընկալումն անհատական է: Ինչ վերաբերում է նրան` արդյոք մեզանում անցկացվող զանազան մանկական, մանկապարտեզային գեղեցկության մրցույթները երեխայի մոտ չե՞ն կարող սթրեսի լուրջ պատճառ դառնալ. հոգեբանը ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին նախապատաստել այն բանին, որ դրանք ընդամենը խաղ են: «Եթե երեխան ծանր է տանում պարտությունը գեղեցկության մրցույթում, ապա դա գալիս է սխալ նախապատրաստությունից»,- ասաց Ս. Խուդոյանը` ընդգծելով, որ մեզանում գեղեցկության առումով նկատվում է ճաշակի անկում, ինչին էլ մեծամասամբ նպաստում են հեռուստաընկերությունները:







































