Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և նրա բովանդակությունն ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության և իրադարձությունների հետ, ինչն ամենաբացասական դերն է խաղացել կարգավորման գործընթացի վրա:
Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում՝ անդրադառնալով բանակցությունների որոշ կետերի:
«Ինչո՞ւ հասանք 44-օրյա պատերազմին, կարո՞ղ էինք արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից։ Ամենայն հավանականությամբ, այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը: Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը: Սրան զուգահեռ մի ավելի հիմնարար ու խորքային հարց կա՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը, և, եթե այո, ինչպե՞ս»,-ասաց Փաշինյանը՝ այսպիսով կարևորելով քննարկել բանակցային պատմությունը:
Նա անդրադարձավ բանակցությունների հանգրվանային կետերին:
«Իրականում բանակցային գործընթացը և նրա բովանդակությունն ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության և իրադարձությունների հետ, ինչը, որքան էլ բնական է, այնուամենայնիվ, ամենաբացասական դերն է խաղացել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա, որովհետև մենք ներքաղաքական կյանքում 1994 թվականի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի 1996 թվականի դեկտեմբերի հայտարարությունը, որը ամբողջ միջազգային հանրության կարծիքն էր արտահայտում, պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը: «Հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն, ըստ էության, ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և այդ ինքնորոշման իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 1996-ի հայտարարության այդ նրբությունը նորություն է Հայաստանի հանրության համար։
Ըստ նրա՝ փաստորեն դեռևս 1996թ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 3-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փորձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել:








































