44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար, մի քանի ժամ տևողությամբ անդրադարձ է կատարել թե պատերազմի օրերի այսպես ասած բանակցային քննարկումներին, ըստ էության սակայն չարտահայտելով որևէ առանձնահատուկ նորություն, և թե նախորդ մոտ երկու-երեք տասնամյակի բանակցային պատմությանը, ներկայացնելով նաև դրա իրադարձությունների իր վերլուծությունը: Խոշոր հաշվով, հանձնաժողովը և հանրությունը մի քանի ժամ լսել են այն, ինչ լսել են բազմիցս: Պետք է ենթադրել, որ Փաշինյանի ելույթին ի պատասխան, կսկսեն ելույթներ ու մեղադրական հակադարձումներ ընդդիմությունից, նախկին երեք նախագահներին հարող շրջանակներից, որոնցից յուրաքանչյուրը կփորձի այդ կերպ պաշտպանել, արդարացնել, ապացուցել իր առաջնորդի իրավացիությունն ու ճշմարտացիությունը: Փաշինյանի կողմնակիցներն էլ կսկսեն պաշտպանել իրենց առաջնորդին:
Այլ կերպ ասած, 44-օրյա պատերազմի հանգամանքների, դրա կանխման հնարավորությունների, բարձր կամ ցածր հավանականության, կրակի դադարեցման բարձր կամ ցածր հավանականության մասին որևէ նոր բան չիմանալով, հանրությունը հերթական անգամ կհայտնվի Հայաստանը ղեկավարած և ղեկավարող չորս առաջնորդների միջև հարաբերություններ պարզելու հորձանուտի նոր պտույտների, նոր ալիքի մեջ: Ավելի շուտ, հանրությունը դրանից դուրս չի էլ կարողանում գալ, թեև հանձնաողովում Նիկոլ Փաշինյանի ելույթն ակամա այն մասին է, թե Հայաստանի համար որքան հրատապ է դրանից դուրս գալը, եթե մենք որպես հասարակություն ուզում ենք ստանալ հրատապ և կենսական հարցերի պատասխաններ, որպեսզի առավելագույնս պատրաստ լինենք պետականությանը շրջապատող մարտահրավերներին հակազդելուն: Հայաստանի հանրային ու պետական կյանքը դարձել է «չորսի հարաբերության» պատանդը, արդեն գուցե նույնիսկ այդ չորսի կամքից էլ անկախ: Դա պարզապես վերածվել է բանաձևի, որ կիրառվում է Հայաստանի դեմ: Պարզապես հարցն այն է, թե Հայաստանն ունի՞ այդ բանաձևի դեմ կենսունակության իր բանաձևն ու ներուժը:







































