
Հայաստանում կան մարդիկ կամ շրջանակներ, որոնք Նիկոլ Փաշինյանի Անկարա կատարած այցի առնչությամբ հարց են բարձրաձայնում, թե ինչպե՞ս Հայաստանի հանրությունը այդ այցի լուսանկարները նայելիս չի ունենում արժանապատվության վիրավորվածության զգացում: Այդ հարցադրումը փաստացի, անուղղակի մեղադրանք է Հայաստանի հանրությանը, որ չունի արժանապատվության զգացում: Իհարկե դա մեկնաբանություն է, ուղիղ մեղադրանք գոնե այդ «ձևաչափում» չկա, բայց հարցադրումն ինքնին պարունակում է բավականին թափանցիկ տողատակ: Եվ այդ տողատակը շոշափում են մարդիկ կամ շրջանակներ, որոնք տարիներ, տասնամյակ, մեկ տասնամյակից ավելի ժամանակ շարունակ եղել են մի համակարգի մաս, որը գրեթե ամենօրյա ռեժիմով ոտնահարել է հանրության արժանապատվության զգացումը, պարզապես ոչ թե Թուրքիա այցելելով, այլ ռազմա-հայրենասիրական պաթոս խաղարկելով, դրա միջոցով քողարկելով այն կոռուպցիոն բուրգի խրախճանքը, որ կազմակերպվել է հանրությանն այդ պաթոսով կերակրելու ներքո, փոխանակ ամեն մի լումա Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ուղղելուն և այդ անվտանգության աստիճանը գոյություն ունեցող և աճող մարտահրավերներին համարժեք դարձնելու:
Բայց, բանն այն չէ, որ Հայաստանում տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ոտնահարվել է հանրային արժանապատվությունը և հիմա հանրությունը չունենալով արժանապատվոության զգացում, չի վիրավորվում Թուրքիայից ստացված պատկերներից: Հանրությունը վիրավորվում է, և որևէ առանձին մեկը թող չլինի մոլորության մեջ, թե ունի հանրության հավաքականության տարբեր առանձին ներկայացուցիչներից ավելի մեծ կամ զգայուն արժանապատվության զգացում: Առավել ևս մարդիկ, որոնք տարիներ շարունակ եղել են հանրությանն իրավական, բարոյական, սոցիալական առօրյա պատվազրկման ենթարկող համակարգի մաս, վայելել այդ կարգավիճակից բխող պտուղներ, այսպես ասած սոցիալական դիրք, իսկ այդ ամենը «արդարացնել» իբրև թե համակարգը ներսից փոխելու համոզումով:
Հանրությունը վիրավորվում է, պարզապես նաև գնահատում է դրան բերած պատկերը իր ամբողջական, այսպես ասած հավաքական հետագծի մեջ, դրանում տեսնելով ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մեղքի և պատասխանատվության բաժինը, այլ նաև նրա նախորդների՝ իրենց մոտ և հեռու շրջանակներով, որոնք ավելի քան երկու տասնամյակ անվտանգությունը շահարկել են անձնական բարեկեցության և իշխանության համար, գործնականում պետության անվան տակ կառուցելով քրեական և օլիգարխիկ հարաբերությունների մի խառնածին: Հանրությունը գնահատում է առկա պատկերը հավաքական ամբողջության հետագծով, ի տարբերություն նախկին, և իհարկե ներկա քաղաքական վերնախավերի կամ դրանց հարող «վերքաղաքական» խմբերի կամ շրջանակների, որոնք իրավիճակը գնահատում են միայն կամ նախկին, կամ ներկա պրիզմաներով: Ընդ որում, հենց հանրության հասունությունն է պահել, ու պահում Հայաստանը, այլ ոչ քաղաքական վերնախավերի իմաստնությունը: