Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննադատել է թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Վերջինս երեկ, նկատի ունենալով թուրք-իսրայելական ճգնաժամը, քննադատել էր Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը՝ այն որակելով որպես ձախողված և ընդգծելով, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը որդեգրած Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ։
Էրդողանը Քըլըչդարօղլուին խորհուրդ է տվել չստանձնել Իսրայելի փաստաբանի դերը։ Իսրայելի հետ հարաբերություններից խոսելիս՝ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան չի կարողանում հետ ստանալ տեխզննման նպատակով Իսրայել հետ ուղարկած իր անօդաչու թռչող սարքերը (հետախուզական ինքնաթիռ)՝ դա որակելով որպես Իսրայելի կողմից անբարոյական քայլ։
Էրդողանը նաև հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի ոտնահարվի իրենց պատիվն ու արժանապատվությունը, ինչը չի կարող գնվել որևէ գումարով։
Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նույնպես քննադատել է Քեմալ Քըլըչդարօղլուին՝ նշելով, որ նա Իսրայելի նման է խոսում. «Եթե այդ հայտարարություններն աներ իսրայելցի մի պաշտոնյա, ապա մենք կհասկանայինք դա։ Բայց երբ Քըլըչդարօղլուն է կրկնում իսրայելական կողմին, դա ցավալի է»։











































