Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Ուկրաինան պատերազմի ավարտից հետո կդառնա Եվրամիության անդամ։ Բացի այդ, ըստ կանցլերի, Ռուսաստանը չի կարողանա հաղթել Ուկրաինային պատերազմում։ Այս մասին Օլաֆ Շոլցը հայտարարել է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» 160-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Մեր մայրցամաքի պատմության դառը գլուխը, որը ստեղծեց Վլադիմիր Պուտինը իր իմպերիալիստական խելագարությամբ, կավարտվի ազատ Ուկրաինայի՝ որպես Եվրամիության լիիրավ անդամ դառնալով», – ասել է Շոլցը։
Նրա խոսքով, «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» պետք է հստակ կանգնի Ուկրաինայի կողքին, քանի որ նախկին կանցլեր Վիլի Բրանդտի շնորհիվ ուժի չկիրառման, սահմանների անձեռնմխելիության, պետությունների տարածքային ամբողջականության և իրավունքի սկզբունքները, Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն այսօր գործում է Եվրոպայում:
«Մենք՝ սոցիալ-դեմոկրատներս, պաշտպանում ենք այս սկզբունքները խորը հավատով»,- ասել է Շոլցը։







































