«Ունկնդիրը լսում ու սովորում է այն, ինչ մատուցում են իրեն մեր հեռուստառադիոընկերությունները: Նրանք ասում են` դա դուր է գալիս մարդկանց: Եթե նրան դուր է գալիս թուրքական երաժշտություն, ապա նա գենետիկորեն թուրքական երաժշտություն է ընկալում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը` նկատելով, որ խոսքը ոչ միայն երաժշտությանն է վերաբերում, այլև գրականությանը:
«Եթե մարդը չի կարդացել Կոկտո, Սարտր, Քամյու, ես ինչպե՞ս կարող եմ նրան ասել, որ իմ «Լիլիթ» փոփ օպերան գրել եմ Կոկտոյի պիեսներից մեկի հիման վրա: Հնարավոր չէ: Նա չի կարդացել, չգիտի: Երեխային պետք չէ ասել` դու սա մի՛ արա, այն մի՛ արա: Պետք է մատուցել այն, ինչ կարող է բարձրացնել նրա ճաշակը` մաքուր երաժշտություն»,- նշեց նա` հավելելով, թե կա լավ երաժշտություն և վատ երաժշտություն, ու մենք լսում ենք հաճախ ոչ այն երաժշտությունը, որը պետք է լսենք:
Նա ցանկություն հայտնեց, որ մեր երիտասարդ կատարողներին աջակցեին այնպես, ինչպես դա սպորտում է արվում: Կոմպոզիտորի համար ցավալի է, որ ունկնդիրը չի ճանաչում մեր երիտասարդ կատարողներին, այնինչ նրանք մեծ ճանաչում են վայելում ամբողջ աշխարհում: «Պետք է պայմաններ ստեղծել նրանց համար: Շատ լավ երիտասարդներ ունենք»,- ասաց նա:








































