Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ուզում է՝ Անկարան ընդունի Հայաստանի բոլոր պայմանները Թուրքիայի դեմ:
Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա ՌԴ դեմ պատժամիջոցների և Ս-400 համակարգերի հարցում, սակայն Անկարան շարունակում է անկախ քաղաքականություն վարել։
Մայիսի 3-ին, հիշեցնենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ Քալընը թեպետ չափազանցրել է, այդուհանդերձ հստակ է, որ ԱՄՆ-ի կողմից որոշակի ճնշումներ Անկարայի վրա կան.«Առհասարակ Բայդենը խուսափում է Էրդողանի հետ շփումներից, նույնիսկ հեռախոսազանգերին չի պատասխանում, բայց որ ճնշումներ կգործադրեն՝ դա հստակ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը համարում է, որ հայ-թուրքական բանակցությունների հարցում ԱՄՆ դիրքորոշումը ոչ թե ի նպաստ Հայաստան է, այլ բխում է հենց Միացյալ Նահանգների առաջնահերթություններից.«Ոչ մի պետություն հենց այնպես այլ ժողովրդի շահեր չի պաշտպանում։ Այստեղ սակայն կա մեկ այլ հանգամանք, այն, որ ԱՄՆ-ն միակ լիարժեք գերտերությունն է, ենթադրում է որոշ պատասխանատվություն ճնշված պետությունների նկատմամբ։ Մանավանդ, որ Թուրքիայի այս կառավարության հետ էլ խնդիրներ ունի՝ նույնիսկ Էրդողանի հեռախոսզանգերին չեն պատասխանում։Օգնականներից մեկն, օրինակ, կարող է պատասխանել, ասել, որ զբաղված է՝ ցրելու համար, բայց նույնիսկ դա չեն անում։ Այդ աստիճան Բայդենն արհամարհում է Էրդողանին։
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրների, Չավուշօղլուի վերջին հայտարարությունների մասին, Հակոբ Չաքրյանն ասաց.«Ընտրական փուլ է, Չավուշօղլուն պարզապես հոխորտում է հայերի վրա՝ այն հաշվարկով, որ գուցե հակահայ շրջանակներին մերձեցնի իրենց։Թուրքիայում հարցախույզ էին արել և բնակչության 78 տոկոսը պատասխանելով այն հարցին, թե կուզենայի՞ն հայ հարևան ունենալ, կտրականապես դեմ է արտահայտվել։Նեմեսիսի արձանի տեղադրումը մեր խնդիրն է։ Նա 10 թե 12 թուրք մարդասպան է սպանել, Քեմալ աթաթուրքը սպանվածների արյիներին պետական թոշակներ է հռչակել, նրանց էլ հռչակել ազգային հերոս։ Թուրքիայում կան բազմաթիվ հրապարակներ, փողոցներ նրանց անուններով։ Թուրքիայում այն փողոցները, որտեղ կա հայկական եկեղեցի կամ դպրոց, Թալեաթ փաշայի անունով են կոչում, հայկական վարժարանի պատին Թալեաթ փաշա են գրում… այսինքն ինչ ստորություն ասես՝ անում են։ Մենք արձան կկանգնեցնենք, թե ոչ՝ հո Թուրքիայից չե՞նք հարցնելու։ Ամեն ինչ Մոսկվայից հարցնում ենք հերիք չէ, մի հատ էլ Թուրքիայի՞ց հարցնենք։ Ընդ որում՝ այդ Նեմեսիս գործողության հետևանքով ընդամենը մի քանի հոգի է սպանվել, իսկ իրենք մի ամբողջ ազգ են ոչնչացրել, մեր պատմական հայրենիքի տարածքներն էլ յուրացրել։ Այստեղ նաև մեր իշխանությունների սխալը կա։ Երբ Թուրքիան հորդորում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագաիր կնքել,մեր իշխանությունները պետք է արձագանքեն՝ դա ձեր ի՞նչ գործն է, երկրորդ՝ գնացեք ձեր եղբայրներին ասեք գոնե մեր գերիներին ազատ արձակեն, վերականգնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերադարձնեն մեզնից գրաված տարածքները։ Ընդամենը մի սահման պետք է բացի Թուրքիան, միջանցք են ուզում դրա դիմաց, խայտառակություն է»։
Չաքրյանը համարում է, որ Թուրքիայի նախապայմաններով հարաբերությունների նորմալացման գործընթաց չպետք է սկսել.«Սկսելուց առաջ պահանջ դնել՝ եթե դու նախապայմաններ ես առաջադրում, ես էլ ինչու՞ նստեմ բանակցությունների սեղանին։ Փաստորեն եթե նստում ես, ստացվում է, որ դու պատրաստ ես կատարել այդ նախապայմանները, այլապես չէրի նստի նրանց հետ բանակցի։ Անողնաշար քաղաքականությունը վիրավորական է մեր ազգի համար»,-եզրափակեց նա։







































