Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որտեղ անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հետպատերազմյան իրողություններին, արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ՝ ի հեճուկս հակառակի մասին Ալիևի հայտարարությունների, իսկ այդ խնդրի առանցքում Արցախի կարգավիճակի հարցն է, դրա միջազգային լուծման խնդիրը: Հատկանշական է, որ Հայաստանի պետական լրատվական գործակալությանն Արցախի նախագահի հանգամանալից հարցազրույցը հրապարակվում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շուրջ բանակցային քառօրյա ընթացքին զուգահեռ: Եվ հատկապես տեղեկատվության ֆոնին, որ դե ֆակտո տարածեց Վաշինգտոնը, այն իմաստով, որ Նահանգները «խնդրել է Հայաստանին ու Ադրբեջանին դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ահա քաղաքական և տեղեկատվական այդ ֆոնին, հատկանշական ձևաչափով հնչում է Ստեփանակերտի ձայնը, ընդ որում բավականին կարևոր շեշտադրումով թե կոնցեպտուալ, թե բովանդակային իմաստով: Կոնցեպտուալ այն առումով, որ Արցախի նախագահն իր հարցազրույցում անդրադառնալով իրավիճակին, դիտարկում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը առավելապես իրավա-քաղաքական փաստական հետագծի և հեռանկարի համադրությամբ, չփորձելով «մտնել» աշխարհաքաղաքական «քառուղիների» տիրույթ:
Արցախի նախագահը ներկայացնում է Արցախի խնդրի իրավա-քաղաքական համառոտ կոնցեպտը՝ հիմքը, զարգացումը, հեռանկարը, հենվելով գերազանցապես իրավական, այսպես ասած փաստավավերագրական ելակետերի վրա, և այդ հիմքով արձանագրում Արցախի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքը, և դրա պաշտպանության հարցում նաև միջազգային հանրության պատասխանատվությունը: Այդ հանգամանքի կողքին, հարկ է իհարկե արձանագրել մյուսը՝ հիմնարար կարևորություն ունեցողը: Դա Արցախի քաղաքական վերնախավի պատասխանատվության խնդիրն է, դրա գրեթե բացարձակ արդյունավետության հրամայականը, որից է կախված լինելու այն, թե միջազգայնորեն չճանաչված Ստեփանակերտի հանդեպ միջազգային հանրությունն ինչպես է վերականգնելու իր պատասխանատվությունը, ինչ մեխանիզմով և ինչ տրամաբանությամբ: Այդ իմաստով, Արցախի նախագահն անդրադառնալով հարցին, թե որն է ելքը, անում է կարևոր արձանագրում իհարկե՝ «ելքը մեր վճռական ու երկարատև պայքարն է՝ մեր համազգային ողջ կարողությունների համախմբման ու արդյունավետ իրացման միջոցով»: Հնչում է դիպուկ, սակայն բավականին ընդհանրական ու վերացական, եթե մնում է զուտ որպես արտահայտություն, չվերածվելով գործնականում ամենօրյա որակական վերափոխման օրինակներ ի ցույց դնող գործի, աշխատանքի:
Գործնականում, Արցախն այսօր, ստեղծված թե ռեգիոնալ, թե համաշխարհային բարդ ու անորոշ միջավայրում իր հանդեպ վերաբերմունք փոխելու համար թերևս ունի իր իսկ հասարակական-քաղաքական նկարագիրը փոխելու հրամայական: Այդ փոփոխությունն իհարկե պետք է սկսի առօրյա կենցաղի կազմակերպման մակարդակից, մինչև կառավարման տակտիկական և ռազմավարական որակներ ու բովանդակություն: Այն, ինչում գործնականում եղել է Արցախի քաղաքական և տնտեսական, հասարակական վերնախավի առանցքային բացը արցախյան առաջին պատերազմից հետո, հատկապես այն շրջափուլում, երբ ակնառու էր դառնում, որ ըստ էության սկսում է հետխորհրդային միջազգային ստատուս-քվոյի փլուզումը: Ի վերջո, Արցախի քաղաքական և տնտեսական վերնախավերի՝ այդ նկարագրի վերափոխման խնդրի լուծման արդյունավետությունից է կախված լինելու նաև թե հայկական լայն ներուժի ներգրավման արդյունավետությունը, թե միջազգային ուշադրության և պատասխանատվության աճը: Ընդ որում, թերևս առանցքային նշանակություն է ունենալու այն կոնցեպտուալ հանգամանքը, որ դրականորեն շոշափվում է Արցախի նախագահի հարցազրույցում և նկատելիորեն արձանագրում «աշխարհաքաղաքական քառուղի» չմտնելու որոշակի աչալրջություն: Իհարկե դա չի նշանակում, որ աշխարհաքաղաքականությունն այդ կերպ դադարում է «զբաղվել» Արցախով, բայց միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքականությանը համարժեք գործելու Արցախի հիմնական գործիքակազմը այն փաստական փաստավավերագրական իրավա-քաղաքական հետագիծն է, որի վրա միջազգայնորեն ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ ԵԱՀԿ հայտնի որոշումներով:








































