Սլավոնական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Ուսանողները չեն հաշտվում ռեկտոր Արմեն Դարբինյանի հեռացման հետ։
Օրերս Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներին է հանդիպել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և պարզ տեքստով ասել, որ կայացվել է քաղաքական որոշում։ Նա նշել է, որ 21 տարուց ավելի կառուցում է համալսարանն իր ընկալումներով, առաջնահերթություններով՝ հիմնադիրների բավարար աջակցությամբ մինչև 2019 թվականը:
Մայիսի 14-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Դարբինյանը նաև նշել է, որ ռուսական կողմի հիմնադիրը հստակ արտահայտվել է, որ բավարարված չէ իր աշխատանքով: Հայկական հիմնադիրը լռում է, նրանք անգամ վախեցան ընդունել հայտարարությունը: Նա ասել է, որ պետք է ունենալ քաղաքական կամք որոշումներ կայացնելու, ոչ թե թաքնվել վարագույրի հետևում:
Ռեկտորի նոր ընտրությունների հետ կապված որևէ նորություն այս պահին չկա, թե երբ այն տեղի կունենա, ավելին՝ ուսանողները տարակուսած են, թե արդյոք իրենց դիպլոմները կստանան համապատասխան ստորագրությամբ։
ԿԳՄՍ նախարարությանն «Առաջին լրատվական»-ը հարց է ուղղել, թե երբ կլինի ռեկտորի ընտրությունը` ըստ գործող իրավակարգավորումների։
ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Սմպատյանը «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան նշել է. «Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունը կարգավորվում է գործող՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով (https://bit.ly/44qPSpg) և բուհի կանոնադրությամբ (https://bit.ly/3Hw0Wru): Բուհը շնորհում է երկու պետությունների կողմից ճանաչված պետական ավարտական փաստաթուղթ, որի օրինականությունը վիճարկելի չէ»:









































