ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ:
Հաջողություններ մաղթելով դիվանագետին հետագա գործունեության մեջ` փոխվարչապետը բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ բազմակողմ համագործակցությունը: Նա մասնավորապես կարևորեց գործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգում, միգրացիոն, թրաֆիքինգի ոլորտներում և հույս հայտնեց, որ ձևավորված կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը շարունակական կլինի ու նոր ղեկավարության հետ կհաջողվի ավարտին հասցնել սկսված ծրագրերն ու կյանքի կոչել նորերը:
Ս. Կապինոսն իր հերթին ևս արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը` հայտնելով, որ պատրաստակամ են աջակցել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված պետական կառավարման համակարգի բարեփոխումներին` դիվանագետը վստահություն հայտնեց, որ դրանք հաջողություն կունենան, և Հայաստանի մոդելը մյուս երկրների համար կարող է օրինակելի լինել: Նա նշեց, որ հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Իռլանդիայի գերակայություններից են արդյունավետ կառավարման (good governance) խնդիրները:
Զրուցակիցներն անդրադարձան նաև բնապահպանական ոլորտում գործակցությանը: Ս. Կապինոսը տեղեկացրեց, որ ձևավորվելիք Օրհուսի հիմնադրամը կհամակարգի ներկայումս գործող Օրհուսի կենտրոնների գործունեությունը և ընդգրկելով թե պետական, թե հասարակական, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կարող է իշխանությունների և բնակչության փոխգործակցության յուրատեսակ հարթակ դառնալ:







































