Հայաստանում ուշադրության առարկա և անգամ խորհրդարանական ընդդիմության բուռն հարցադրման առիթ է դարձել ԱՄՆ մայրաքաղաքում հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակի բանակցությանը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը: Պատճառը անշուշտ այն չէ, թե ի՞նչ կապ ունի Ռուբինյանն արտաքին գործերի նախարարության կամ ընդհանրապես գործադիր իշխանության հետ, այլ այն, որ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի Հայաստանի հատուկ բնագնացն է: Ծիծաղելի կլինի իհարկե նրա մասնակցությունը պատճառաբանել կամ բացատրել ԱԺ փոխնախագահի կարգավիճակով: Կասկածից վեր է, որ ԱԺ փոխնախագահը բանակցային «մարաթոնին»՝ որ Վաշինգտոնում տևելու է մի քանի օր, մասնակցում է հենց հայ-թուրքական գործընթացի մասնակցի կարգավիճակով:
Այդ կարգավիճակի «կապն» ու «պահանջվածությունը» քննարկումների հետ՝ պարզ ու ակնառու է, հասկանալի, ի տարբերություն ԱԺ փոխնախագահի կարգավիճակի կապը: Ռուբինյանի մասնակցությունը ընդդիմությանն ու նաև քաղաքական իշխանության այլ ընդդիմախոսների հիմք է տվել եզրակացնելու, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները փաստացի շաղկապվում են՝ Թուրքիայի պահանջով: Այդպես է, թե ոչ, բնականաբար շատ բարդ է ասել, որովհետև ինքնին Ռուբինյանի մասնակցության հանգամանքից դրա աներկբա բխեցումը այնքան էլ համոզիչ չէ:
Ի վերջո, պետք չէ բացառել, որ Ռուբինյանի մասնակցությունը կարող է լինել Վաշինգտոնի տակտիկական նախաձեռնություն, որի շրջանակում Երեւանին խնդրել են ընդգրկել Ռուբեն Ռուբինյանին բանակցային պատվիրակության կազմ, ինչի միջոցով գուցե փորձ կարվի որոշակի փոխզիջումային դաշտ բերել Ադրբեջանին: Այդ դեպքում իհարկե հարց է առաջանում, թե այդպիսի խնդրանքի առկայության պարագայում Երևանն ինչ է ստացել կամ ստանալու՝ խնդրանքը բավարարելու համար, հաշվի առնելով և այն, որ այդ հանգամանքը Հայաստանի ներսում դառնալու է բուռն, և ամենևին ոչ անհիմն կասկածների և ընդդիմախոսության նյութ: Այն, որ հանգամանքը առնվազն տալիս է մտահոգության տեղիք, և անգամ դիվանագիտական տակտիկային հարաբերականության համատեքստի պարագայում գտնվում է բավականին բարակ «լարի» տրամաբանության մեջ, թերևս անկասկած է: Կա՞ Թուրքիան վաշինգտոնյան բանակցությունների տողատակում, թե՞ դա տակտիկական ներգրավում է, որին Վաշինգտոնը Երևանի համաձայնությամբ գուցե գնացել է հաշվի առնելով այն, որ Թուրքիան այսօր զբաղված է նախընտրական շատ լուրջ խնդիրներով և թերևս կգերադասի չկենտրոնանալ տակտիկական պատկերի վրա: Ի վերջո ակնառու է մի բան, որ վաշինգտոնյան ներկայիս աշխույժ նախաձեռնողականության հաշվարկներում կարևոր տեղ և դեր ունի Էրդողանի նախընտրական զբաղվածությունը, որն առավել ծանրացավ առողջական «շեղումների» հետևանքով։







































