Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում Թալինի տարածքային ստորաբաժանումից ահազանգ է ստացվել, որ Թալինում եւ շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով եւ նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ:
«Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գեվորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ եւ բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի հետ մինչեւ ժ. 15.00-ը կապվել այդպես էլ չի հաջողվել. տեղի ոստիկանության հերթապահ բաժնի ներկայացուցչի փոխանցմամբ նրանք բացակայել են աշխատանքի վայրից:
«Ժառանգությունը» հետամուտ է լինելու ոստիկանության կողմից այս ապօրինի գործողության պատճառները եւ դրա պատվիրատուներին պարզելու գործուն:
Հավելյալ տեղեկություններ ստանալուն պես այդ մասին անմիջապես տեղյակ կպահենք լրատվամիջոցներին:









































