Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի լեռնային շրջանում հարկադիր վայրէջք է կատարել զինված ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը, որն անսպասելիորեն կորցրել է կառավարումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Վերջինիս տվյալներով՝ ուղղաթիռում, նրա անձնակազմից բացի, գտնվել է նաև 8 վրացի և օտարազգի լրագրողներից բաղկացած նկարահանող խումբը։ Պաշտպանության նախարարության նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կորցրել է կառավարումը ցածր բարձրության վրա գրանցված քամու ուղղության կտրուկ փոփոխության պատճառով, ինչի համար էլ հարկադիր վայրէջք է կատարել։
Նշվում է, որ ուղղաթիռի անձնակազմից ու նկարահանող խմբից ոչ մեկն էլ լրջորեն չի տուժել։ Այնուամենայնիվ, նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղից դուրս են գրվել մի քանի ժամ անց։ Վրաստանի ռազմական ոստիկանությունը հետաքննում է այս միջադեպը։








































