Հայաստանում նախորդ տարի վարձակալությամբ բնակարանների վարձավճարների կտրուկ աճի ֆոնին այս տարի անկում է նկատվում։ Անշարժ գույքի գործակալները նշում են, որ վարձակալությամբ բնակարանների վարձավճարները նվազել են 40 տոկոսով։ Անկումը, ըստ անշարժ գույքի գործակալների, պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա համեմատությամբ նվազել է ռուսների՝ Հայաստան ներհոսքը։
Կենտրոն անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի վարձակալության գներից է 40 տոկոս իջել, իսկ իրականում երկու տարի առաջվա վարձակալության գների համեմատ դարձյալ բարձր է։ Նա նշեց, ո 2023 թվականին անշարժ գույքի վաճառքի գները չեն աճել, ոչ էլ նվազել են:
«Ռուսաստանում զորակոչով պայմանավորված շատ մարդ էր եկել Հայաստան, իսկ հիմա մի մասն արդեն Հայաստանից գնացել է: Մեր գնահատականներով՝ այնտեղից շատերը խուճապային տևրամադրությամբ էին եկել, հետո տեսան, որ այդքան մասշտաբային չի եղել զորակոչը, հետ վերադարձան, բնակարանները դատարկվեցին»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ երբ Ռուսաստանից մեծ ներհոսք եղավ նախորդ տարի, արդեն այստեղ ազատ բնակարան չկար, անգամ նկուղներն էին տալիս վարձակալության, և քանի որ մի մասը գնաց, բնակարանները ազատվեցին և այդ ժամանակվա գներից 30-40 տոկոսով իջել է։
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որոնք հիմնականում տեղափոխվել են Հայաստան ապրելու և աշխատելու նպատակով, նույն մասսան մնացել է, իսկ նրանք, որոնք զորակոչից էին փախել, նրանք հետ գնացին երեք-չորս ամիս անց։
Նրա խոսքով՝ այդ մարդկանց միայն մի հատվածն է, որ հայ է ազգությամբ, բայց արդեն երկրորդ, երրորդ սերունդն է ապրում են ՌԴ-ում, անգամ հայերեն խոսել չգիտեն, բայց գալիս են, դառնում ՀՀ քաղաքացի և անշարժ գույք գնում, որ եթե ՌԴ-ում վիճակը շատ բարդանա, գան այստեղ հաստատվեն, բայց ավելի շատ ՌԴ հայերն են, որոնք մի կողմից հայ են, դրանով պայմանավորված գալիս քաղաքացիություն են ձեռք բերում։
Realty Group ընկերության տնօրեն Հարություն Ավետիսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարձակալության գները նվազում են, իսկ վաճառքի գները բարձրացել են։ Նրա խոսքով՝ վարձակալության գները նվազել են, քանի որ պահանջարկն է պակասել, հատկապես ռուսների հետ կապված պահանջարկը պակասել է, գները իջնում են, իսկ տները թանկանում են, քանի որ դոլարի կուրսն անկում է ապրում, միաժամանակ ընդհանուր ինֆլյաիցիա է, թանկություն, դրա համար էլ գները բարձրանում են։
«Բավականին գնորդներ սպասողական վիճակում են, քանի որ գները բարձրացել են, չեն հարմարվում այդ նոր գներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տների գները աճել են 30 տոկոսով։
Այստեղ տեղափոխված ռուսներն էլ են գնում բնակարաններ, բայց հիմնականում ՌԴ-ում ապրող հայեր են, բայց իրենց մոտ էլ կա խնդիր այնտեղից իրենց գումարները բերելու։ Դա բավականին դժվարացել»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ամբողջ Երևանում թանկացումներ են։










































