«Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ մշտադիտարկման դիտորդները պաշտոնական Բաքվին տեղեկատվություն են փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության անցկացումից», – այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։
Խոսելով Politico-ի հետ անանուն մնալու պայմանով՝ ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ դիտորդական առաքելության հարաբերությունները Բաքվի հետ վատթարացել են․ «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ որևէ խնդիր չենք ուզում ստեղծել», – նշել է դիվանագիտական աղբյուրը:
«Politico»-ն նաև գրում է, որ քանի որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմում, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին ու փորձելով հավասարակշռություն պահպանել երկու հակառակորդ պետությունների միջև:
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը գտնում է, որ եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի ԱԳՆ-ն պետք է պարզաբանում պահանջի, թե կոնկրետ ինչ տեղեկություններ են փոխանցվում.«Բայց նախնական առաջարկն Ադրբեջանը կտրականապես մերժել է, իսկ Հայաստանում տեղակայվելու փաստը թշնամական ակցիա չէ որևէ պետության դեմ։ Այսինքն՝ դա խաղաղության հաստատման ու պաշտպանության միջոց է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Հովհաննիսյանը հիշեցնում է, որ Ալիևը կտրականապես մերժել, համաձայնություն էր տվել, որ դիտորդները միայն Հայաստանի տարածքում տեղակայվեն.«Իսկ այն տեղերը, որը վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից, միայն իրենց համաձայնությամբ, նախնական պայմանավորվածությամբ է հնարավոր, որ թողնեն դիտորդները ուսումնասիրություն կատարեն։ Երկու ամսից անց, որոշ քննարկումներից հետո, (այստեղ նաև դեր են խաղացել դիտորդական նախորդ առաքելության հաշվետվությունները), իրենք որոշում կայացրեցին՝ մի քանի տարով առաքելություն ունենալ միմիայն Հայաստանի տարածքում, որովհետև Ադրբեջանը շարունակում է մերժել։ Եվրամիությունն անընդհատ ուզում է շեշտել, որ ինքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում կողմ չէ, որևէ մեկին չի պաշտպանում, պարզապես վերահսկում է տարածքը, գնահատական տալիս այս կամ այն կողմի գործողություններին»։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե իրենք Հայաստանի անվտանգության հետ կապված որևէ տեղեկատվություն չեն փոխանցում Ադրբեջանին, ապա դա նորմալ է. «Բայց Հայաստանի արտգործնախարարությունը պետք է պաշտոնապես դիմի Եվրահանձնաժողովին՝ ստանալու պարզաբանում, թե ինչ որակի ու ծավալի տեղեկություններ են փոխանցում, եթե դա ճիշտ է»։
Ինչու՞ է Բաքուն այսքան նյարդային արձագանքում անզեն դիտորդների տեղակայմանը, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Ալիևը պնդում է, որ հարցն արդեն լուծված է, մնացել են վերջին ակորդները, Ադրբեջանն է թելադրելու իր կամքը, Ադրբեջանի պահանջներով է միայն ամփոփվելու այս պատերազմը, բայց երբ երրորդ ուժեր են խառնվում և հատկապես երբ այդ երրորդ ուժը Եվրամիությունն է, փաստորեն ստացվում է, որ իր հռետորաբանությունը չի համապատասխանում իրողությանը»։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ կրկին խոսելով ՀԱՊԿ դիտորդների տեղակայման մասին, ասել է, որ Հայաստանի վերջնական որոշումից հետո, դիտորդներ կժամանեն սահման, արդյոք ՀԱՊԿ ու ԵՄ դիտորդները համատեղելի են։ Քաղաքագետը նշում է՝ բացարձակապես ո՛չ.«Կտրականապես համատեղելի չեն, ավելին՝ ՀԱՊԿ դիտորդները գալիս են, որ Եվրամիության դիտորդներին այստեղից դուրս մղեն։ Եվ ընդհանրապես՝ ես հարց ուղղեմ կառավարությանը. ՀՀ ղեկավարության պաշտոնական կարծիքն այն է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում մեր տարածքային անձեռնմխելիությունն ու մեր սահմանները, փոխվե՞լ է ինչ-որ բան։Կա՞ փաստաթուղթ, որ վարչապետն ու արտգործնախարարը ներկայացնեն հայ ժողովրդին, որտեղ ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը փոխել է։ Այսինքն՝ դուրս բերում եք մի ուժի, որը պատերազմի օրոք որևէ կերպ չի աջակցել Հայաստանին, եթե ոչ հակառակը և երկրորդը՝ նույնիսկ քո սահմանները չի ճանաչում։ Այսինքն՝ կոնֆլիկտի դեպքում, դու պետք է նախևառաջ ապացուցես, որ այն տարածքը, որը մտել է Ադրբեջանը՝ քոնն է, հետո նոր իրենք կարող է արձագանքեն»։
Մեր զրուցակիցը գտնում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ գործողություն ժամանակավրեպ է և այդ մասին մտածելը նույնիսկ ավելորդ է։










































