Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք սահմանապահները կրակ են բացել թուրք-սիրիական սահմանը հատել փորձող սիրիացի փախստականների վրա։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Յայլադըղը շրջանում։
Մի խումբ սիրիացի փախստականներ փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը, սակայն հանդիպել են թուրք սահմանապահների կրակին։ Արդյունքում, զոհվել է 1 և վիրավորվել 2 սիրիացի փախստական։ Հատուկ սիրիացի փախստականների համար Հաթայ նահանգում ստեղծված վրանային քաղաքներում գտնվող սիրիացի փախստականներն այս կապակցությամբ բողոքի մեծ ալիք են բարձրացրել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետական ապարատին կից գործող արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել էր, թե Սիրիայում ժողովրդական հուզումները մեկնարկելուց հետո Թուրքիայում ապաստան գտնելու հույսով թուրք-սիրիական սահմանը հատել է Սիրիայի 16,920 քաղաքացի։
Սակայն փախստականների մեծ մասն արդեն իսկ վերադարձել է հայրենիք, ուստի ներկայումս Թուրքիայի տարածքում է գտնվում 6902 սիրիացի փախստական։ Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում են նաև 43 հիվանդ ու վիրավոր սիրիացիներ։








































