Հաագայի միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով Հայաստանի հայցի հիման վրա տեղի ունեցած քննության վճիռը: Դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է մինչ գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: Դատարանը համարում է, որ Բաքուն պարտավոր է անել իրենից կախվածը՝ երկկողմ ազատ շարժն ապահովելու ուղղությամբ: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:
Արզումանյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կապիտալիզացնի այս նվաճումը․ նոր խաղաքարտեր ենք ստանում․ «Մենք ստանում ենք հնարավորություններ, որը պետք է օգտագործենք: Ռուսաստանը անցել է հրապարակային սպառնալիքների, պետք է մտածել չեզոքացնելու մասին: Այսօր մեր շահերը համընկնում են Արևմուտքի, Իրանի ու Հնդկաստանի հետ․ պետք է մեր շահերից ելնելով օգտագործենք այս հնարավորությունը»:








































