Լաչինի միջանցքի բացման առարկայական քայլերի բացակայությունը կարող է և պետք է հանգեցնի Ադրբեջանի համար կոնկրետ միջազգային հետևանքների, կառավարության փետրվարի 23-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի նախօրեին հրապարակված միջանկյալ որոշմանը, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի երկկողմ լիարժեք և ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Նիկոլ Փաշինյանը ակնարկել է առարկայական գործողության մի տարբերակի մասին՝ պաշտոնական Բաքուն միջանցքը բացելու կոչ է անում այսպես կոչված «էկոակտիվիստներին»:
Հարց է առաջանում, թե ի՞նչ կլինի, եթե այդ «էկոակտիվիստները» չլսեն Բաքվի կոչը կամ հորդորը, Ադրբեջանն էլ հայտարարի, որ նրանք ազատ են, օգտվում են բողոք իրականացնելու իրենց ազատություններից, և Ադրբեջանը որևէ կերպ պաշտոնական որևէ քայլ չի անում միջանցքը արգելափակելու համար, բայց նաև չի կարող բռնանալ «էկոակտիվիստների» խաղաղ և անզեն բողոքի հանդեպ, քանի որ դա կլինի ժողովրդավարական իրավունքի խախտում: Կարո՞ղ է լինել այդպիսի սցենար, թե՞ ոչ: Բարդ է ասել, բայց, որ Ադրբեջանը կօգտագործի ցինիզմի ու երեսպաշտության բոլոր հնարավոր միջոցները՝ Հաագայի դատարանով իր վրա դրված պարտավորություններից խուսանավելու համար, թերևս չկա կասկած:
Միաժամանակ, կասկած կա, թե միջազգային հանրությունը «կզինվի» Հաագայի դատարանի որոշումով և առավել կկոշտացնի Բաքվի հանդեպ ճնշումը, իրապես սպառնալով միջազգային հետևանքներով, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը, որ Բաքվին տվել է հանդուգնն «մանևրի» հնարավորություն, ոչ միայն չի մեղմվել, այլ ավելի է լարվում ու սրվում: Այդպիսով, ակնառու է, որ Հաագայի դատարանի որոշումն իր կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ դեռ բավականին հեռու է իրավիճակի քաղաքական հանգուցալուծման գործուն միջոցղ դիտվելուց: Ավելին, Հայաստանից ըստ ամենայնի պահանջվելու է դատտարանի որոշման քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայի ու իրացմման բավականին մեծ ջանք, բարդ աշխատանք: Առավել ևս, որ Հաագան հրապարակել է այսպես ասած միջանկյալ որոշում, իսկ վերջնական ամբողջական որոշումը դեռ ենթակա է որոշակի գործընթացի: Հայաստանը արձանագրել է միջանկյալ հաջողություն, ինչը շատ կարևոր է, սակայն դրա ՕԳԳ-ն էապես կախված է լինելու աշխատանքի շարունակությունից, որում պետք է նաև դեր ստանձնի հայկական ամբողջ օրգանիզմը, թե պետական, թե հասարակական-քաղաքական: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ միջազգային դատարանի որոշումը միանգամայն հիմնավոր փաստարկ է, որ պետք է հայկական բոլոր պետական ու ոչ պետական ինստիտուտները դնեն միջազգային հանրության պատասխանատու ինստիտուտների առաջ, Ադրբեջանի քայլերի բացակայության դեպքում բարձրաձայնելով միջազգային հետևանքի անխուսափելիության հարցը: Եթե մինչ այդ, այդ հետևանքների հարցը կարող էր դիտվել զուտ Հայաստանի «սուբյեկտիվ» պահանջ կամ ակնկալիք, ապա այժմ այդ հետևանքի հարցը ամրագրված է միջազգային արդարադատության դատարանի վճռով: Ի վերջո, հայկական դիվանագիտության համար իրավա-քաղաքական խնդրի ու մարտահրավերի առանցքում այն է, որ պետք է ապահովվի ու ամրագրվի միջանցքի կենսագործունեության ազատության ու լիարժեքության ինստիտուցիոնալ ամուր հիմք, լինի դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միջազգային ճանաչումով, թե՞ այդ հայտարարությունից զատ այլ փաստաթղթերով:









































