Իսրայելական քաղաքների հարյուր հազարավոր բնակիչներ դուրս են եկել «Միլիոնների երթի»` բողոքելով երկրում սոցիալական անարդարությունների և բնակարանների բարձր գների դեմ: Ինչպես հաղորդում է BBC-ն, շքերթին մասնակցել է մոտ 400,000 մարդ:
«Միլիոնների երթը» երկրում շարունակվող սոցիալական բնույթի ելույթների գագաթնակետն էր: Բողոքի ցույցերին մասնակցել են հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչները, ովքեր պահանջել են հարկերի, տների գների իջեցում և կրթական բարեփոխումներ: Նրանք պահանջում են ավելի արդարացի բաժանել Իսրայելի աճ ապրող տնտեսության տված բարիքները:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ կոմիտե է ստեղծել այս խնդիրները հրատապ քննարկելու համար, սակայն հայտարարել է, որ բոլոր պահանջներն անհնար կլինի իրականացնել:
Հիշեցնենք, որ իսրայելցիներն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար բողոքի ելույթներ են կազմակերպում: Նրանց կողմից առաջ քաշված պահանջներից մեկը, որը վերաբերում է ավելի էժան տներ և բնակարաններ ձեռք բերելու հնարավարությանը, ըստ վարչապետ Նեթանյահուի` Իսրայելի կառավարությանը ստիպում է վերսկսել Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցման աշխատանքները, որոնք ավելի վաղ դադարեցվել էին միջազգային հանրության պահանջով:
Այս ամենի հետ մեկտեղ Պաղեստինի ազգային ղեկավարությունն արդեն այս ամիս մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել միակողմանի անկախության մասին, որը իսրայելցի որոշ պաշտոնյաներ ավելի վտանգավոր երևույթ են համարում, քան Համասի իշխանությունը Գազայում:











































