Բուդապեշտում 97 տարեկան հասակում մահացել է հունգարական ոստիկանության նախկին սպա, նացիստ Շանդոր Կեպիրոն, ով մեղադրվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային սպանություններ կազմակերպելու մեջ:
Նա մահացել է հիվանդանոցում, բժիշկները հրաժարվում են պարզաբանել, թե կոնկրետ ինչն է դարձել մահվան պատճառ:
Ինչպես նշում է BBC-ն, Կեպիրոն աշխարհի ամենափնտրվող նացիստն էր: Սիմոն Վիզենտալի անվան իրավապաշտպանների կենտրոնի տվյալների համաձայն` Շանդոր Կեպիրոն աշխարհում հետախուզվող նացիստների ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել:
Կեպիրոն մասնավորապես մեղադրվում էր նախկին Հարավսլավիայի տարածքում 1942 թվականին հազարավոր հրեաների, սերբերի և գնչուների սպանության մեջ: Սակայն Բուդապեշտի դատարանը այս տարի հուլիսին նրան անմեղ էր ճանաչել` ապացույցների անբավարարվածության պատճառով:









































